Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լիզան։ Միայն այդ փոփոխությունն այն չէր, ինչ որ Լիզայինը։ Մի փոքր առաջ նկարագրեցի Լիզայի կերպարանքը, և դու տեսար, որ նա, թեև ոչ շատ գեղեցիկ, բայց հրաշալի էակ էր։ Նա հափշտակեց ինձ, կուրացրեց միանգամայն, և ես, հիացած, չգտա ոչ մի պակասություն նրա մեջ։ Առաջին անգամ իմ մեջ ծագեց մի ցանկություն․ «Երանի թե քեզ հետ խոսեմ»,— ասացի մտքումս։ Երբ Լիզան երկրորդ անգամ դաշնամուրի վրա ածում էր, իսկ ես նայում էի նրա մատներին՝ մտածեցի․ «Երանի թե կարողանամ գրավել քեզ, Լիզա»։ Երբ մի փոքր համոզվեցի, որ գրավել եմ Լիզային, «Երանի թե կարողանամ համբուրել քո ձեռը», ասացի ինքս ինձ։ Իսկ երբ ստացա իրավունք նրա ձեռներն էլ, թշերն էլ, շրթունքներն էլ անթիվ անգամ համբուրել, այն ժամանակ միայն սկսեցի զննել Լիզայի դեմքն և շատ պակասություններ գտա այդ դեմքի վրա։ Մի օր ինձ թվաց, թե նրա քիթը կարճ է, մյուս օրն ես նկատեցի, որ նրա ծնոտը մի փոքր մեծ է և չի համապատասխանում դեմքի ուրիշ մասերին։ Եվ այսպես, ես ամեն օր մի ֆիզիկական պակասություն էի գտնում Լիզայի մեջ։ Այս ամենն ես հայտնում էի իրան, միևնույն ժամանակ, իմ սերը դրանով չէր պակասում, ընդհակառակը, օրըստօրե նա զորեղանում էր։ Բայց մի զարմանալի բան, Գևորգ, որի վրա արժե մտածել — երբ իմ մեջ ծագեց կասկած, թե Լիզան մի քիչ փոխվել է դեպի ինձ, նրա դեմքի այդ բոլոր պակասություններն իսկույն անհետացան իմ աչքում, և դարձյալ Լիզան թվաց ինձ աննման հրեշտակ։ Թե ինչու և ինչ պատճառներից էին առաջանում այդ փոփոխությունները — չեմ կարող բացատրել։

Այսպես, Գևորգ, ես Լիզայի մեջ նկատեցի մի տեսակ փոփոխություն դեպի ինձ։ Կարո՞ղ էի գուշակել, որ այդ փոփոխությունն արմատապես պիտի փոխեր իմ կյանքը, հիմնահատակ աներ կնոջ վրա կազմած բոլոր իմ գաղափարներն, այնպես, որ այսօր ես նրա վրա նայեի բոլորովին թշնամական աչքով։ Բայց այսպես եղավ, Գևորգ, և ուրիշ կերպ չէր կարող լինել։ Իմ նշանակությունը թուլացավ Լիզայի աչքում այն ժամից, երբ նա ճանաչեց ինձ, նրա համար պարզվեց իմ, հասարակ մահկանացվիս կյանքը։ Ազատասիրական գաղափարներով հափշտակված, ես աշխատում էի նայել