ես։ Ինձ թվում էր, Գևորգ, թե նա ինձանից հեռանում է, ինչպես երկնքի երեսին շարժվող ամպերի ստվերը։ Ես ձգտում էի հասնել ստվերին, պահել նրան, չթողնել առաջ շարժվելու։ Սակայն չէի կարողանում, հարկավոր էր նախ ամպերը պահել, որպեսզի նրանց ստվերը կանգնի, իսկ ես շատ հեռու էի ամպերից։ Նրանք երկնքումն էին, իսկ ես երկրի երեսին։— Դա Լիզայի անգութ սիրտն էր։ «Ի՞նչ պիտի անեմ, ի՞նչ կարող եմ անել»,— կրկնում էի անդադար, գլխիս մազերը փետելով։ Երկար ժամերով մտածում էի այդ մասին և ոչ մի իմ սրտին նպաստավոր եզրակացության չէի հասնում։ Օրըստօրե ինձ համար ավելի ու ավելի պարզվում էր, որ Լիզայի սերը թուլանում է դեպի ինձ։ Ինչո՞ւ, ի՞նչ էր պատահել, ի՞նչ մի չար զորություն հանկարծ փոխեց Լիզայի սիրտը կամ ինչ մի աներևույթ ուժ ինձ կերպարանափոխեց Լիզայի աչքում։ Մի՞թե ես նախկին Արշակը չէի, որի մեջ նա զգում էր ինչ-որ ձգող զորություն։ Ճշմարի՞տ էր ասում նա, թե նա կեղծավորում էր կամ գուցե դա մի ժամանակավոր հափշտակություն էր նրա կողմից։ Բայց չէ՛, մի՞թե Լիզան կարող է հափշտակվել, այն Լիզան, որի սիրտը մինչև քսանուվեց տարեկան հասակը, ոչ մի երիտասարդի համար չէր բաբախել։ Էհ, գուցե բաբախել էր, բայց Լիզան դիմակ էր հագնում իմ առջև, սուտ էր ասում, որ իմ աչքում իրան ցույց տա իբրև մի հերոսուհի։ Կարո՞ղ ես զգալ, Գևորգ, թե որքան ինձ տրորում էին, չարչարում էին այդ չարագուշակ հարցերը։ Ես չեմ կանգնիլ երկարորեն քեզ նկարագրելու, թե ինչ էի զգում այդ օրերում։ Այսքանը կասեմ, որ իմ աչքում ամեն ինչ անհետացել էր, բացի Լիզայից։ Իմ ուղեղը կաշկանդված էր նրանով։ Ես սկսեցի ատել ամեն ինչ, նույնիսկ ինքս ինձ, բացի Լիզայից։ Ես ատում էի մինչև անգամ անմեղ բնությունն և նրա գեղեցկությունը։ Լուսին երեկոներին ես, հակառակ իմ սովորության, չէի դուրս գալիս փողոց։ Առաջ, այդ երեկոները ինձ վրա թեև ծանր, բայց ախորժելի տպավորություն էին անում, իսկ այժմ աննկարագրելի դառն ազդեցություն էին գործում։ Այդպիսի երեկոներին ես փախչում էի տուն, փակվում սենյակում, որ չտեսնեմ լուսնի երեսը։
Այսպես անցավ, Գևորգ, մոտ մինչև երեք շաբաթ,— շարունակեց Արզաս Պետրովիչը, հառաչելով։— Ես շարունակում էի