Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մաշվել էին, տեղ-տեղ մորթու մազերը թափվել էր ու սպիտակ կաշին մերկացել։ Բացի Բարխուդարից, խանութում գործում էին երեք աշակերտներ և մի քյարգյար (օգնական վարպետի Բարխուդարը յուր փոքրավորներին և՛ սիրում էր, և՛ ատում․ նա և՛ կակղությամբ էր վարվում նրանց հետ, և՛ խստությամբ, նայելով ինչ հոգեկան տրամադրության մեջ էր։ Եթե գոհ էր յուր աշակերտների վարք ու բարքից, կատարած գործերից, կատարյալ հայր էր նրանց համար։ Սիրում էր նրանց, ինչպես յուր Սմբատին և Սուսանին, պարգևներ էր բաշխում, հետը տուն էր տանում ճաշելու, ընթրելու կամ թեյ խմելու։ Մուշտարի եկած ժամանակ աշխատում էր, որքան կարելի է «շագիր — դանա» շատ պոկել։ Իսկ երբ նա տխուր էր կամ աշակերտներից անբավական, այն ժամանակ կատաղում էր, և ի՛նչպես։ Նրա մշտական մռայլ դեմքը կարմրում էր, աչքերը արյունով լցվում էին․ նա մոռանում էր ամեն բան։ էլ մկրատներ, գազաչափեր, մոմի կռուճներ, մատնոցներ, մահուդի կտորտանք չէին մնում, որ նստած տեղից չհասցներ հանցավոր աշակերտի գլխին։ Երբեմն պատահում էր, որ գործ էր դնում կրակով լիք արդուկը կամ տեղից վեր էր կենում, բարձրացնում էր փոքրիկ հանցավորին մինչև յուր գլուխը և միանգամից վայր խփում գետնին։ Աշակերտը զգում էր, թե իբր մի բարձր ծառից է ընկնում, այնքան երկայն էր վարպետի հասակը։ Այս բավական չէր․ պատժվելուց հետո հանցավորը չէր կարող բարձր ձայնով լաց լինել, եթե ոչ հավատացած էր, որ երկրորդ անգամ կպատժվի։ Նա քաշվում էր խանութի մի անկյունը, և սովորաբար այն անկյունը, ուր ածուխ էր հավաքած և, նստելով այստեղ, լաց էր լինում կամացուկ, մինչև որ սիրտը հանդարտվում էր։ Այնուհետև Բարխուդարը սկսում էր նրա սիրտն առնել, խրատներ տալ, իհարկե, միևնույն ժամանակ, արտաքուստ ցույց չտալով, թե զղջամ է յուր խստության մասին։

— Քիչ տզտզիր, վե՛ր կաց, էս չուխան տար տուր տիրոջը, ամա տես հա՛, առանց շագիրդանի չի պուք գաս։