աստուծո, ամենքը փրկված են, միայն այս ինչի գլուխն է քիչ ջարդվել, այն ինչի կուռն է դուրս ընկել և այլն։
— Ամա բանից երևում է, շատ մարդ է փչացել, ասում են մոտ հիսուն հոգի կա, — ավելացրեց Բարխուդարը։
— Ինչ հիսուն, սաղ քաղաքն է սուգի մեջ, — մեջ մտավ Հայրապետը։ — Գնացի, Մարիամ ջան, դուքանս տեսա, մոխիր, մոխիր, հենց կասես, աման-չամաններս ձեռքով են փշրած։ Սաղերը ջոկեցի, ղրաղ դրի։ Դրուստ երկու հարյուր կուժ է մնացել, հարյուր կուլա, վեց կարաս, տասներկու խաշխաշի գավաթներ, է, մին էլ քսանութ գիլասարի աման, մնացածը «հյուֆֆ», թո՛զ։
III
Քաղաքը բավական հանդարտվել էր, ցերեկվա խլացուցիչ աղմուկի, դղրդոցի փոխարեն այս ու այն կողմերից լսվում էին լալու հանդարտ ձայներ։ Իսկ քաղաքի հեռավոր մասերից, թրքերի թաղեց երբեմն-երբեմն բարձրանում էին ծնծղաների և թմբուկների հնչյուններ։ Կանանց, տղամարդկանց և երեխաների «շահ Հյուսեյին, վա՛հ Հյուսեյին» բացականչող ձայները, խառնվելով այդ հնչյունների հետ և տարածվելով խավար մթնոլորտի մեջ, մի տեսակ անբացատրելի զարհուրանք էին ազդում։
Սա թուրք դժբախտ ընտանիքներն էին, որոնք ողբում էին իրենց ազգականների հանկարծակի կորուստը։
Օդը բավական մաքրվել էր։ Փլատակված շինություններից բարձրացած փոշին նստել էր գետնին։ Երկինքը պարզ էր, լուսին չկար։ Դժբախտացած քաղաքի ողբերգության վկա աստղերը պայծառությամբ պսպղում էին։ Բնակիչները — ոմանք իրանց տների բակերում, ոմանք փողոցներում, բաց օդի տակ կամ վրանների մեջ — պատրաստվում էին հանգստանալու ցերեկվա չարչարանքներից հետո։ Ոչ ոք չէր համարձակվում յուր տունը մտնել, ամենքը երկյուղ ունեին երկրաշարժը կրկնվելուց։
Բարխուդարի և Հայրապետի ընտանիքները վճռեցին այս գիշեր միասին անցկացնել։ Գյուլնազը, Մարիամ բաջու օգնությամբ,