Հայրապետը սկզբում խրատում էր նրան, պարգևներ էր խոստանում, բայց վերջը, տեսնելով, որ այս չի օգնում, նույնպես դիմեց Սարգիս վարպետի միջոցին, այսինքն սկսեց ծեծել։
— Ես շկոլից հենց վարպետի ռոզգիներից եմ փախչում, դու էլ տանն ես թակում, — ասում էր Սեյրանը, աչքերի արտասուքը արխալուղի թևերով սրբելով։
Մի օր վարժապետը Սեյրանին, մի դաս նշանակելով, ասաց.
— Տե՛ս, Սեյրան, վաղը այս դասը այնտեղից մինչև այստեղ անգիր կանես։ Ջուր կանես, հաա՛, թե չէ ձեռիցս չես պրծնի, իմացիր, որ այնքան ոտներիդ կծեծեմ, որ կաշին կթափվի, կարմիր միսը կմնա։
— Աչքիս վրա, վարպետ, մի ջուր անեմ, որ քեֆդ գա, — պատասխանեց Սեյրանը։
Նախընթաց օրը Սեյրանը սաստիկ ծեծ էր կերել և այս պատճառով խիստ նեղացած էր վարժապետից։ Նա մտածեց այս ծեծի փոխարեն մի լավ խաղ խաղալ վարժապետի գլխին։ Օգուտ քաղելով վերջինի խոսքերից «դասդ ջուր կանես», Սեյրանը մյուս օրը գիրքը պահեց Առաքելի աղբյուրի տակ այնքան, որ նա թրջվելով բոլորովին «ջուր դառավ»։
— Առ, վարժապետ, — տվեց նա գիրքը Սարգիս վարպետին։
— Այդ ի՞նչ ես արել, — հարցրեց վերջինը զայրացած։
— Ջուր։
— Այ դու սատանի ճուտ, ինձ ձեռ ես գցե՞լ։ Պահեցե՛ք դրա ոտները, պինդ պահեցեք, էնպես, որ իսկի տեղից ժաժ չգա։
Այս վերջին ծեծն էր, որ Սեյրանը կերավ Սարգիս վարպետի կողմից։
Մյուս օրը որքան նրան ստիպեցին, այլևս չհամաձայնվեց ուսումնարան գնալ։
Հայրապետը, տեսնելով, որ էլ ճար չկա, դուրս բերավ նրան ուսումնարանից և հանձնեց Բարխուդարին, որ սա դերձակություն սովորեցնի նրան։ Այսուամենայնիվ երեք տարվա ուսումը շատ էլ անօգուտ չեղավ Սեյրանի համար․ նա սովորել էր քիչ թե շատ ուղիղ կարդալ և գրել։