Էջ:Shirvanzade I hator.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարակ ճյուղերին կպած, յուր փոքրիկ ձեռներով թութ է քաղում։ Նա հագած է սպիտակ չթից կարած արխալուղ, որի բարակ փեշերը երեկոյան զովարար հողմի թեթև շարժումից օդի մեջ ֆռֆռում են։

— Սեյրան, Սեյրան, պինդ կանգնիր, որ չընկնես, — աղաղակում է ծառի տակից Սուսանը, գլուխը վեր բարձրացրած։

Բայց Սեյրանը չի լսում։ Քաղցրահամ պտուղը գրավել է նրա ուշը, և նա շտապով հատ-հատ պոկելով այդ պտուղը, լցնում է արխալուղի գրպանները։

— Սեյրան, Սեյրան, ինձ համար էլ թութ ածի, մենակ-մենակ մի՛ ուտիլ, — կրկին աղաղակում է Սուսանը։

Սեյրանը դարձյալ ուշադրություն չի դարձնում, նա, կարծես, բոլորովին մոռացել էր յուր սիրելի Սուսանին։ Ծառի տակ կանգնած Սուսանի սիրտը քիշ էր մնում տրաքի։ Նա անհամբերությամբ յուր փոքրիկ ոտերը խփում է գետնին ու գեղեցիկ ուսերը թափահարում, սուտ-սուտ լաց է լինում․ — «ըմ, ըմ, չեմ ուզում, ինձ էլ տո՛ւր, ը ը ը ը»։

Վերջապես, Սեյրանը լցրեց յուր երկու գրպանները և, արագությամբ ցած իջնելով ծառից, մոտեցավ Սուսանին, որ քաղած թութը նրա հետ բաժանի։

Այս երևակայությամբ էր հափշտակված Սուսանը, երբ հանկարծ յուր աջ ուսի վրա զգաց մի ինչ-որ ձեռի թեթև հարված։

Նրա մտածմունքները փարատվեցին։ Խորը քնից սթափվածի նման արմունկները քաշեց պատշգամբի ճաղերից, իրանն ուղղեց և նայեց հետ։ Նրա դեմ ու դեմ կանգնած էր մի միջահասակ պատանի, թուխ դեմքով, սև աչք ունքով։ Պատանին գլխաբաց էր․ նա հագած էր ամառային կապտագույն թեթև արխալուղ, որի կոճակները բաց էին կրծքի կողմից։

Սուսանը առաջին վայրկյանին չճանաչեց պատանուն և վախեցած կամենում էր ճիչ արձակել։ Բայց մինչև նրա ուշքի գալը, պատանին երկյուղածությամբ, ձայնը փորը գցած, ասաց․

— Սուսան, սո՛ւս, ձայն մի՛ հանիր, ես եմ։

— Սեյրան, դո՞ւ ես, ինչ ես ուզում, ինչո՞ւ ես եկել այս ուշ գիշերին։

— Սո՛ւս, սուս, բարձր մի՛ խոսիր, քաշվենք այն կողմը, հետո կասեմ։