Էջ:Shirvanzade I hator.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հա, էն օրվանից դես Սեյրանը դուքան չի գալիս, երես չունի։ Շատ լավ էլ անում է, թե չէ հիմա ոսկորը փտում էր հողի տակ։ Փողոցներում խառնվել է լիրբ, կեղտոտ ջահիլների հետ ու օրից օր փչանում է։ Դա հերիք չէ, ինքը ջառ ու ջհաննամը, որ փչանում է, մեր անունն էլ է կեղտոտում․ էս է իմ ցավը։ Էս երեկո բազարից տուն եմ գալիս ներքևի փողոցով, տեսնեմ մի խումբ ջահիլներ, պատի տակ թաքնված, լախկռթու են տալիս։ Գլուխս քարշ արած անցնում եմ, բայց մի քիչ հեռացած չհեռացած, մեկ էլ լսում եմ, ի՛նչ եմ լսում։ էն լրբերից մինը բարձր ձայնով, երևի ինձ լսեցնելու համար, ասում է, ի՞նչ է ասում, հըմ, գիտե՞ս, ասում է․ «այ Սեյրանի հետ գիշերները պաչպչվող աղջիկը էս նամուսով ղուռումսաղի աղջիկն է, տեսե՛ք, տեսե՛ք, չի ամաչում ոչ սպիտակ մազերից, ոչ էլ փափախից․ էլի երես ունի, բազար է դուրս գալիս»։ Հայրապետ, էդ որ լսում եմ, խելքս քիչ է մնում գլխիցս դուրս թռչի։ Աչքերս արյուն է կոխում, մարմինս մի սառը քրտինք է պատում, ուզում եմ, հետ դառնամ ու էն լրբերի գլուխը ջարդ ու փշուր անեմ։ Բայց մեկ էլ ֆիքր եմ անում, նահլաթ եմ տալիս չար սատանին, երեսիս խաչակնքում եմ ու մի կերպ շարունակում ճանապարհս։ Գալիս եմ մեր փողոց, էստեղ էլ մի ուրիշ խաբար եմ լսում։ Մեր հարևան «գդուլ»բ Մաթոսն ասում է. «էսօր Սմբատն ու Սեյրանը աղաջդավասի [1]են արել ներքևի մահլի ջահիլների հետ»։ Գալիս եմ տուն, Սմբատին մի քանի սիլլաներ եմ տալիս ու հետո հարցնում եմ կռվի պատճառը։ Սմբատը պատմում է։ Բանից դուրս է գալիս, որ կռիվ սկսողը տղադ է եղել։

— Պա՛հ քո տունը աստված չքանդի, ասում ես Սեյրա՞նը, — գոչեց Հայրապետը, ավելի ու ավելի զայրանալով։

Բայց Բարխուդարը անուշադիր թողեց նրա հարցը։ Նրա սառնությունը փոխվեց բարկության։ Մի կողմ ձգեց չիբուխը, որ մինչև այդ ժամանակ անդադար ծխում էր։

— Հըմ, էդ որ լսում եմ, բռնում եմ Սմբատի երկու ականջներից ու գետնին խփում։ Առանց դես, առանց դեն ոտներիս տակն եմ գցում նրան, էնքան կոխոտում եմ, որ շունչը կտրվում է։ Մայրը գալիս է ու ձեռիցս առնում։ Հայրապետ, դե հիմա դու ասա,

  1. Փայտերով կռիվ: