մի բաց ծրար և շպրտեց հարևանի վրա։ Երբ ծրարն ընկավ Հայրապետի առջև, նա սարսափած հետ քաշվեց և մի քանի վայրկյան ապշած նայեց թղթերին, ինչպես մի մարդ, որ դաշտում զբոսնելիս հանկարծ յուր ոտի տակ տեսնում է օձ։ Վերջապես, նա զգուշությամբ, դողդոջուն ձեռը մեկնեց դեպի ծրարը, կարծես, վախենալով, որ նա պիտի կծի յուր ձեռը։ Ցուցամատի և բութ մատի ծայրերով բարձրացրեց գետնից ծրարը, մոտեցրեց ճրագին և հոնքերը վեր քաշելով, սկսեց զննել, երբեմն հարցական հայացքներ ձգելով Բարխուդարի երեսին։
— Կզարմանաս, բաս չե՛ս զարմանալ, կե՛ր քո տնկած ծառի պտուղը, կե՛ր...
— Դա, դա, Բարխուդար, դա ախար, փիեե՜, նահլաթ քեզ չար սատանա, — մրմնջաց Հայրապետը շարունակելով նայել ծրարին։
— Չես իմանում, խեղճ մարդ, բարովագիր է քեզ վրա, Մոսկովից տղադ է գրում առևտուրի մասին, — պատասխանեց Բարխուդարը, հեգնորեն ժպտալով։
Հայրապետը սփրթնած շարունակում էր նամակը ձեռում շուռ ու մուռ տալ։
— էն թուղթը, որի վրա Ավետարանի սուրբ խոսքերն են գրվել, էսօրվա օրը աշխարհը էնքան փուչացել է, որ Սեյրանի նման լրբերը էդպես կեղտոտում են։ Կարդա ու ձեռդ կրծքիդ քսիր, բախտավոր մարդ։
— Չորանամ ես, թե որ մի բան հասկանում եմ էս թղթից։
— Կանչի՛ր, կանչի՛ր էն լակոտին ու թող ինքը կարդա։
Հայրապետը, ծրարը ձեռում սեղմած, վազեց դուրս Սեյրանին կանչելու։ Բայց դեռ նրա մի ոտը սենյակումն էր, երբ հանկարծ ինքը, Սեյրանը, երևեցավ յուր հոր դեմ ու դեմ։
— Ներս ե՛կ, — հրամայեց Հա յրապետը յուր որդուն, ինքը հետ ու հետ քաշվելով։
Սեյրանը վազեց ներս, դիմեց հորը, խլեց վերջինի ձեռից նամակը և փախավ դուրս։ Այս այնքան կարճ միջոցում կատարվեց, որ Հայրապետը չկարողացավ որևէ շարժում անելու։ Նա մնաց մի քանի վայրկյան տեղն ու տեղը։ Բարխուդարի բարկությունը կրկնապատկվեց Սեյրանի այդ անսպասելի վարմունքից, նա բարձրացավ տեղից։