Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այն, որ ես մեկի վրա պիտի պսակվեմ, ծնողներիս և իմ անունից լվանամ այն կեղտը, որ իզուր տեղից կպցրել են ինձ չար լեզուները։

— Եվ ուրիշի՞ վրա պիտի պսակվե՞ս։

— Եթե քեզ վրա պսակվեմ, մարդիկ կասեն «կոտրված ամանը կոտրողին տվին, որ ինքը կոծկի»։ Հասկանո՞ւմ ես, թե չէ։ Ես կպսակվեմ ուրիշի վրա և երբ կհաստատվի, թե ես «կոտրած աման» չեմ, այնուհետև կանցնեն մի քանի ամիսներ, ամենաշատը մի տարի, դու ինձ կգտնես հողի տակ։

— Սիրտս, սիրտս հենց վկայում էր, որ դու ինձ չես սիրում, — կրկնեց Սեյրանը դառնագին, երկու ձեռներով յուր գլխին խփելով։

— Համբերի՛ր, կտեսնես։

— Համբերեմ, որ տեսնեմ, թե ինչպես իմ սիրածին ուրիշն է տանում, չէ, Սուսան, այդ տանջանքը ես տանել չեմ կարող։

— Դե հերիք է, Սեյրան, էլ ուրիշ ասելիք չունեմ։ Մի բան եմ խնդրում քեզանից, Սեյրան, եթե ինձ սիրում ես, այսուհետև էլ ինձ վրա նամակներ չգրես։ Այն օրվա քո նամակը իմ ձեռը չէր ընկել։ Դու երեխայաբար պատուհանից էիր ներս գցել հենց այն ժամանակ, երբ հայրս պատուհանի առաջ կանգնած էր։ Նա վերցրեց նամակդ և տվավ եղբորս կարդալու։ Ես նրա մեջ գրված տողերի չափ հարվածներ ստացա։ Դե, էլ այսուհետև չսխալվես։ Ես առանց նամակի էլ գիտեմ քո դրությունը։ Ե՛կ, մոտեցիր, վերջին անգամ մնաս բարով անենք։

Սուսանը ուժով թեքեց Սեյրանի գլուխը դեպի յուր կուրծքը և մի տաք համբույր դրոշմեց նրա ճակատին։ Արտասուքի երկու խոշոր կաթիլներ, գլորվելով նրա վաղաթառամ երեսով, ընկան Սեյրանի այտերի վրա։

— Քարասի՛րտ աղջիկ, քանդեցի՛ր տունս, մնաս բարով, ի՛նչ որ ինձ պատահի, այսուհետև մեղքը քո վզին, — ասաց Սեյրանը, երեսը շուռ տվավ և խոհանոցից դուրս եկավ։

— Մի՛ նեղանար, համբերիր և կտեսնես, գնաս բարով, — պատասխանեց Սուսանը խեղդված ձայնով։