Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դնելը, մինչև մատերով զուռնայի ծակերը գտնելը, անհամբեր ջահիլները նրա գլխին մի քանի փամփեր էին տալիս։

Վերջապես, Տատունը մի կերպ բոլորը պատրաստեց, և ահա նրա հոնքերը վեր քաշվեցին, ճակատը ծալերով ծածկվեցին, աչքերը չռվեցին ու կարմրեցին, թշերն ուռան, կապտեցին, հը՛ը, սկսվեց մշտական «Սհարի» եղանակը։ Բայց, ավաղ, մեկ էլ տեսար, որ նրա վզակոթին «զըխկ» մի բռունցք հասավ, և զուռնան փափախի հետ միասին թռավ փողոցի մեջտեղը։

— Այ օլմիշ, անամոթ, անմեռուն, ալի հի՞նչ ես մահրաքագ սարքալ, վե՛ր կաց տուն կորի, բղավում էր Շըպպանիկը և, յուր ամուսնու կռնից բռնելով, շպրտում մի կողմ ինչպես մի կեղտոտ լաթ։

— Ալի ալի, ալի, ա կնիկ, յանի, յանի... տեր մեղա,հախմիան, տեր... յանի հինչ ա՞մ անըմ, այ օձի ճուտ, չե՛ս թողնելու, որ քյասիբությունս անեմ, — երկյուղածությամբ փնթփնթում է Տատունը, փափախը թափ տալով։

Բայց Շըպպանիկը չի թողնում նրան երկար խոսելու։ նա մի ձեռով բռնում է ամուսնու չուխայի փեշերից, իսկ մյուս ձեռում զուռնան բռնած, նրա գլխին տալով, քաշում է ուղիղ մինչև տուն։

Այստեղ սկսվում է մի ուրիշ տեսարան։

Շըպպանիկը սեղմում է Տատունին սենյակի մի անկյունում և, փափախը սեղմելով բերանին կարկտի պես թափում է նրա գլխին հարված հարվածի հետևից։ Փոքրիկ մարդն ուզում էր գոռալ, օգնություն կանչել, բայց չէր կարողանում, որովհետև նրա բերանը փափախով սեղմված էր։ Նա ուժ էր անում ազատվելու կնոջ ճանկերից, դարձյալ չէր կարողանում։ Ճարահատյալ մի կերպ ձեռքն է առնում Շըպպանիկի մազերը: Ամբողջ մարմնով նա կախ էր ընկնում նրանց վրա և խեղդված ձայնով, շնչասպառ ասում է. «աթա՛նց, աթա՛նց, հա՛ լոո՛ոլի, սիրտս էրվեց»։

— Բրա՛խ տուր, — գոռում էր Շըպպանիկը, գլուխը թափահարելով և ոտներով աքացի տալով Տատունի փորին։

— Դու բրախ տուր, ես ալ բրախ տամ, — պատասխանում է Տատունը, ավելի պինդ քաշելով կնոջ մազերը։

Եվ այսպես շարունակվում է, մինչև որ երկուսն էլ հոգնում էին և իրարու ազատում։ Երբ Շըպպանիկին հարցնում էին, թե ինչու