Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Աշխարհում անկարելի բան չկա, — հակառակեց մանրավաճառը։ Ես ինքս տասը տարի մի մանրավաճառի մոտ գործակատար եմ եղել դատարկ ձեռքով․ ինչպես տեսնում եք, ինքս այսօր մանրավաճառ եմ և, փառք աստուծո, մոտ տասը հազարի կարողություն ունիմ։ Բայց ես դեռ ոչի՛նչ, համեմատելով ուրիշների հետ։ Մտիկ տվեք մեր քաղաքի ամենաերևելի վաճառականներին, նրանցից ո՞ր մեկն է լիք գրպանով եղել առաջ։ Ամենքն էլ իրենց ժամանակին գործակատարներ կամ խանութի ծառաներ են եղել, իսկ այժմ ամեն մեկը հարյուր հազարների առուտուր է անում։ Վաճառականությունը մի այնպիսի գործ է, որ ինքն է սովորեցնում սիրողին փող աշխատելու հնարը․ հարկավոր է միայն գտնել նրա գաղտնիքը, այնուհետև ամեն ինչ ինքնըստինքյան հեշտանում է։

— Ի՞նչ գաղտնիք է այդ, պարոն Թորոս, — հարցրին բոլորը գրեթե միաբերան։

— Ձեզ համար արդեն ուշ է հասկանալ այդ գաղտնիքը, ձեր ժամանակն արդեն անցել է, իսկ Խաչին կարող է շուտով հասկանալ։ Թող միայն սիրով դիպչի գործին և թող սրանից առաջ իմ տված խրատներն յուր ականջում միշտ պահի, երբեք չմոռանա, այնուհետև գաղտնիքը հեշտությամբ կպարզվի։

Մինչդեռ նրանք այս վիճաբանության մեջ էին, ես ևս սկսել էի արդեն մտքումս խորհել իմ ապագայի մասին։ Մանրավաճառ Թորոսի խոսքերն ինձ համար խիստ խորհրդավոր էին․ ես չէի հասկանում այդ խոսքերի նշանակությունը։ «Այն ինչ գաղտնիք է, որը կարող եմ գտնել վաճառականության մեջ», մտածում էի ինքս ինձ։ Այդ գաղտնիքը սկսեց ինձ խիստ հետաքրքրել, այնպես որ փոքր էր մնում, որ ես համարձակվեի բերան բանալ և խնդրել հորս, որ նա հետևի Թորոսի խորհրդին և թույլ տա ինձ մտնել գործակատար մի վաճառականի մոտ, որպեսզի իմանամ, թե ինչումն է կայանում փող ձեռք բերելու գաղտնիքը։ Բայց ես ինչպես կարող էի բերան բանալ իմ մեծերի մոտ։ Այդ կլիներ իմ կողմից մի աններելի հանդգնություն, և ես հեշտ չէի պրծնիլ հորս ձեռքից։ Բարեբախտաբար, առանց իմ միջամտության, բանը փոխվեց իմ ցանկացածի համաձայն։ Երկար վիճաբանություններից