Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սմբատի դեմքով սահեց մի ժպիտ, որ արտահայտում էր կես զզվանք, կես խղճահարություն դեպի յուր ընկած ընկերը։

— Ա՛ դդա, գըգըլուխդ կփշրեմ, — դարձյալ թոթովեց Սեյրանը և, աջ ձեռի բռունցքը սեղմելով, կամեցավ առաջ շարժվել, չկարողացավ։

Սմբատն այս շարժումից հասկացավ նրա միտքը։ Սակայն ինքը տեղից անգամ չշարժվեց։ Սեյրանը կրկին մի քանի վայրկյան թոթովեց, և այս անգամ նրան հաջողվեց արտասանել մի ինչ-որ անվայել խոսք։ Սմբատը պարզ լսեց նրա բերանից թռած այդ անվայել խոսքը, որ սաստիկ վիրավորական էր նրա համար։ Մի վայրկյանում նրա ականջները կարմրեցին, պռոշները սփրթնելով սկսեցին ցնցողաբար դողալ։ Նա մի կողմ դնելով գինեվաճառից ստացած ջրով լի կալան, սեղմեց յուր բռունցքները և, կարծես, պատրաստվում էր հարձակվել Սեյրանի վրա։ Գինեվաճառը զարմացավ։ Նա մի քանի վայրկյան, բերանը բացած և կարմրած աչքերը չռած, նայում էր մերթ Սեյրանին, մերթ Սմբատին, ձգտելով երկու պատանիների այդ տարօրինակ գաղտնիքը թափանցելու։ Սեյրանը, մի ձեռը սեղանին հենած, մյուսը ամուր սեղմած, աչքերը Սմբատի կրծքին հառած, անդադար տատանվում էր, երբեմն արտասանելով ին-որ անհասկանալի խոսքեր։

— Ամաչիր, ամաչի՛ր, Սեյրան, տես ինչ օրն ես ընկել քո հիմուրությունով, — խոսեց, վերջապես Սմբատը և նույն վայրկյանին, մտաբերելով յուր քրոջ դրությունը, վերցրեց ջրի կուլան, երեսը շուռ տվավ, որ դուրս գնա։

Սեյրանը մի քանի քայլ հետևեց նրան և կրկին կանգ առնելով, գոռաց բարձր ձայնով, որքան ուժ ուներ.

— Կանգնի՛ր... ես չեմ ուզում...

Սմբատը կանգնեց և հետ նայեց։

— Հա՛, չեմ ուզում կեղտոտ շորը, չեմ ուզում լպստած պատառը, տարեք ու շների առաջը գցեք, — արտասանեց Սեյրանը այս անգամ բավական պարզ։

— Երդվում եմ, Սեյրան, այս գիշերվա սուրբ պսակով, որ ոտներիս տակ քեզ շանսատակ կանեմ, եթե այդ աղտոտ լեզուդ փորդ