— Դիլ դիլդիլ, ա՛յ ջան, ա՛յ շոբոշ, — լսվեց դրսից Շըպպանիկի սուր ձայնը։
Բարխուդարը մի հառաչանք արձակեց կրծքից։
— Նե՛րս վազ տուր, ա կնիկ, աչքդ լյուսի, խալաթս, ա կնիկ, ա մարդ, Շըպպանիկի գլխին մին թազա շալ, յա չարշով, յա թոռ, ա աբրուշումի քյալայաղի։
Այդպես բացականչելով և պարելով ներս վազեց Շըպպանիկը։
Բարխուդարի մռայլ դեմքի վրա մի քանի վայրկյան փայլեց ուրախության մի ժպիտ այնպես, ինչպես երբեմն ձմեռային մռայլ երկնքում արեգակն է ամպերի տակից փայլում։
— Խալաթը գլխիդ է, — բացականչեց Գյուլնազը, մի նոր և նուրբ բրդյա շալ ձգելով Շըպպանիկի գլխին։
— Արևի լուսի պես պարզ։ Ասսու հարաշտարակի պես սուրբ. առա, դա Սանամն ա խրկալ ձեզ աչքալույսի։
Շըպպանիկը գրպանից հանեց և Գյուլնազին տվավ մի մեծ կարմրափայլ նուռ, որ զարդարված էր ոսկյա թերթիկներով և վրան մի քանի մեխակներ ցցած։ Բացի դրանից նա թաքուն Գյուլնազի ձեռը դրեց և՛ մի ճերմակ լաթի կտոր, որի վրա Գյուլնազը, մի խորհրդավոր հայացք ձգելով, իսկույն թաքցրեց փեշի տակ։
— Աս շալը կնկանդ խալաթը, բաս քո՛ւնը, ա մարդ, — դարձավ Շըպպանիկը Բարխուդարին, համարձակորեն երկու ձեռներով բռնելով նրա օձիքից։
Բարխուդարը ձեռը տարավ յուր գրպանը, հանեց մի հինգ մանեթանոց թղթադրամ և խփեց Շըպպանիկի ճակատին, մի խորը հառաչանք արձակելով կրծքից։ Այդ վայրկյանին, կարծես, վշտացյալ հոր կրծքից վայր ընկավ մի ահագին ժայռ, և նրա նիհար ու դալկացած ծերունական դեմքը փայլեց քաղցր ժպիտով։
— Տեսնում ե՛ս, Բարխուդար, ե՛ս քեզ ասում էի, որ իմ երեխան հրեշտակի պես անմեղ է, — ասաց Գյուլնազը, ուրախությունից դողալով։
— Բարխուդարը քեզանից լավ էր իմանում, որ անմեղ է, թող մարդկանց լեզուները չորանան։ Օրես դեն էլ ես պարզերես եմ աշխարհում, — բացականչեց Բարխուդարը և սկսեց ծխախոտի չոր տերևները ափերի մեջ տրորել, որ չիբուխը նորից լեցնի։