Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայրս հենց առաջին երեկո, մեր հյուրերի ցրվելուց հետո, արդեն գնացել էր մագազին և այնտեղ իմ մասին խոսել։

Թե ինչ պայմաններով ես պիտի ծառայեի աղա Գուլամյանցների մոտ, որքան ռոճիկ պիտի ստանայի — այս ինձ չհայտնեց հայրս։ Միայն, երբ մենք հասանք մագազին, և նա ձեռս բռնելով հանձնեց Մակար ադային, այսքանը լսեցի նրա բերանից իմ մասին․

— Այսահետև, Մակար աղա, էլ սա իմ որդին չէ, այլ քոնը, հանձնում եմ նրան ոտով գլխով քեզ։ Վարվի՛ր նրա հետ, ինչպես դու գիտես, միայն թե ժամանակով մարդ դառնա քո ձեռքում։

— Մարդ դառնալը կախված է իրանից։ Եթե խոնարհ, ղոչաղ, խոսք լսող կլինի, իհարկե, ժամանակով մի կտոր հացի տեր կդարձնեմ, իսկ եթե չէ — մեղքն յուր վզին։ Իմ ձեռքում շատերն են մարդ դառել և շատերն էլ մարդ դառնալու մոտիկ են, եթե քո որդին էլ լավ կծառայի ինձ, իմ հրամանները խոնարհությամբ կկատարի, կարող է ժամանակով նրանց նման լինել։

Աղա Գուլամյանցը այս խոսքերն արտասանեց մի այնպիսի անդորր ինքնավստահությամբ և աներկբա եղանակով, որ ես ակամա զգացի, թե կանգնած եմ մի գերբնական ուժի առջև, որը, հիրավի, եթե ուզենա, կարող է ամեն ինչ անել ինձ համար։

Հայրս գլուխ տվեց ու հեռացավ, ես մնացի մագազինում։

Մագազին ասված բանըր մի լայն և ընդարձակ խանութ էր չորս մեծ դռներով և մի քանի պատուհաններով։ Նա լիքն էր զանաղան տեսակի թանկագին և էժանագին ապրանքներով, սկսած ամենաընտիր արտասահմանյան նուրբ գործվածներից, մինչև Ռուսաստանի ամենահասարակ կտորները։ Դեռ մինչև այն օրը կյանքումս տեսած չլինելով այդչափ հարստություն միատեղ, ես բերանս բաց, շվարածի նման, նայում էի այս ու այն կողմ, ինչպես մի գյուղական մանուկ, որ առաջին անգամ մտնելով քաղաք, աչքերը ճըլզած չգիտե բարձրաշեն տներից ո՛ր մեկի վրա դադարեցնե յուր ուշադրությունը։ Բայց ամենից ավելի գրավեցին իմ ուշադրությունը զաստոյկայի վրա շարած ապակյա պահարանների մեջ կանոնավոր կերպով դասավորված զանաղան տեսակի ոսկեղենները