Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չեմ մեռնում, փոքր ջուր, սիրտս այրվեց, — փշրված ձայնով արտասանեց Ռուստամը, գլուխը բարձրացնելով։

— Ուշքի եկ, Ռուստամ, կորավ այն լակոտը, — ասավ միրքավորը, բռնելով Ռուստամի թևից։

— Ո՛չ ոք չի հավատում նրա կեղտոտ խոսքերին, — մեջ մտավ հաստերես երիտասարդը։

— Նա ինքն անպատիվ է եղել սաղ քաղաքում, ուզում է ջիգր քեզանից հանի, — ավելացրեց պատանին։

— Սավադ, — դարձավ Ռուստամը միրքավոր երիտասարդին, ոտքի կանգնելով և աշխատելով զսպել յուր վրդովմունքը։ — Սավադ, վազ տուր, հենց այս րոպեին մի ձի վարձիր, ա՛ռ փողը, ահա։ Նա հանեց գրպանից փողի քսակը և մեկնեց Սավադին։

— Ի՞նչ ես անում, — հարցրեց զարմացած վերջինը, քսակը չընդունելով։

— Լավ խաբեցին, լավ քանդեցին տունս։ Ես աննամուս եմ, ախ մայր, մայր, մեղավորը դու ես, կեղտոտեցիր անունս։ Կրծքի խալը, հըմ, Սուսան, այդպե՞ս, հաա՛, դու անառակ...

— Ռուստամ, գժվել ես, ինչե՞ր ես դուրս տալիս, — ասացին ամենքը միաձայն, — անմեղ կնոջդ մասին ինչ բաներ ես մտածում, խելքի եկ, նա արդար է։

— Ինչով իմանամ, որ արդար է։ Յոթ սարերի հետևում ի՞նչ գիտեմ, նա ինչեր է անում։ Կրծքի խալը, օօ՛օ, այդ լավ նշան չէ, սև․․․ խալը, խալը․․․

— Լավ նշան չէ, ճշմարիտ է, — կրկնեց անմիրուքը։

Ռուստամը նայեց նրա երեսին և ավելի սփրթնեց։

— Ինչ եմ անում, — ասաց նա ինքն իրան։ — Տղամարդ ես, խելքի եկ, Ռուստամ, ուշքդ հավաքիր, նամուսդ տափը չի մտել։ Տղերք, եթե ինձ սիրում եք, եթե իմ ընկերությունը ձեզ համար գին ունի, աղաչում եմ, հենց այս րոպեին ինձ ամար մի ձի վարձեցեք։

— Հերիք է, Ռուստամ, ինչ երեխայություններ ես անում, — հակառակեց Սավադը։