Այս էջը սրբագրված է
Առավոտյան տասն ու մեկ ժամն էր։ Այրի Նատալիան զգուշությամբ բաց արավ յուր երիտասարդ կենողի սենյակի դռներն և հարցրեց․
— Պարոն Ռոստամյան, սուրճ կկամենա՞ք անուշ անել։
— Ուղարկեցեք մի բաժակ,— ասաց Ռոստամյանը, որ սեղանի մոտ նստած, զբաղված էր գրությամբ։
Այրին դռները ծածկեց և մի րոպեից հետո կրկին երևեցավ, երկու ձեռներով բռնած մի մատուցարան, որի վրա դրած էին մի բաժակ սուրճ և մի բուռ քաղցր պաքսիմատ։
— Այսօր ես եմ եփել, Պետրեն միշտ փչացնում է,— ասաց նա, և բաժակը վերցնելով, հանդիսավոր կերպով դրեց Ռոստամյանի առջև։
Մինչև բաժակն դատարկելն, այրին, նստած յուր կենողի դեմ ու դեմ, նայում էր նրա երեսին։
— Հավանեցի՞ք,— հարցրեց նա, երբ Ռոստամյանը շտապով խմեց սուրճն ու վերջացրեց։