Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մակար աղան շատ ազնիվ աղա է, նա կարող է քեզ ժամանակով մարդ դարձնել։ Վատ տղա չէ Խաչին, — դարձավ տերտերը Մակար աղային, — ղոչաղ ու խելոք է, միայն երբեմն ականջները հարկավոր է քաշել, որ մեծերի խրատը չմոռանա։

— Այդ թողնենք, տեր-հայր, ես քեզ հետ հարկավոր գործ ունիմ, նրա մասին խոսենք, — դարձավ հանկարծ աղան տեր-Վահակին ու, թևից բռնելով, տարեց նրան մի կողմ։

Ես քաշվեցի մի կողմ․ նրանք սկսեցին խոսել։

Երբեմն նրանց խոսակցութենից իմ ականջին հասնում էին հատուկտուր դարձվածներ կամ ընդմիջյալ խոսքեր, օրինակ, «աղջիկը չի ուզում, թարսվել է» կամ «քսան հատ կանաչ կարմիրանոց» և այլն։

Վերջապես, նրանք ավարտեցին խոսակցությունը, և մի քանի րոպեից հետո ժամասացությունն արդեն սկսված էր։ Աղա Գուլամյանցն ամենից առաջ սեղանի հանդեպ կանգնած ջերմեռանդությամբ ծունր էր դնում ու աղոթում․ Ես ևս սկսեցի աղոթել, նախ և առաջ կրկնելով մի անգամ տերունական աղոթքը, «Հայր մերը», նույն եղանակով, ինչպես ուսումնարանում սովորեցրել էր ինձ տեր-Վահակը։

Ճշմարիտն ասած, ես չբավականացա միայն այդ պաշտոնական «Հայր մերով»․ ինձ թվում էր, որ նրանով աստծուց շատ քիշ բան է խնդրվում առհասարակ։ Ես կարծում էի, եթե բոլորն ինչ որ ասված է այս աղոթքի մեջ, աստված կատարի — ես մի շատ էլ մեծ մարդ չեմ դառնալ, իսկ ես ուղում էի, ինչպես և այժմ էլ ուզում եմ, մեծ մարդ դառնալ։ Օրինակ, նրա մեջ ասված է․ «Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր»։ Մի՞թե այս մի մեծ բան է, մտածում էի ես, եթե աստված ամեն օր կերակրե ինձ այնպես, ինչպես մինչև այսօր է կերակրել։ Չէ, հարկավոր է ուրիշ բաներ էլ խնդրել աստծուց, միևնույնն է խնդրում եմ, ավելի լավ է շատ բաներ կխնդրեմ, կկատարվի խնդիրս — լավ, չի կատարվի — խոմ ինձանից մի բան չի պակսիլ»։ Եվ ես սկսեցի հազար տեսակ բաներ մուրալ աստծուց, ձեռներս պարզերով և աչքերս համեստությամբ բարձրացնելով դեպի վեր։

Աոաջին իմ բաղձանքն էր, որ աստված ինձ այնքան շնորհ