Էջ:Shirvanzade I hator.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— այս պատճառով էլ մենք քաղաքի կենտրոնում չենք վարձում բնակարան։

— Երևի նորեկներ եք դուք,— ասաց Ռոստամյանը։

— Այո, այո, մի ամիս չկա, որ եկել ենք Ռուսիայից։ Հյուրանոցում երկար բնակվել անհնարին է, մանավանդ այստեղի հյուրանոցներում։ Իսկ դուք այս տան տե՞րն եք։

— Ոչ, կենող եմ։

— Ձեր ազգանո՞ւնը։

— Ռոստամյան։

— Մեզ հարկավոր է ծանոթանալ միմյանց հետ,— ասաց ծերունին, Ռոստամյանի ձեռը սեղմելով,— Մինաս Կիրիլլիչ Քիրիշչիյեվ․․․ սա էլ իմ աղջիկն է, Վարվառա Մինայեվնա։

Դուրս գալու ժամանակ երիտասարդ կինը մի անգամ ևս լուսամուտից հայացք ձգեց դեպի քաղաքի հեռավոր շրջակայքն և արտասանեց․

— Ի՜նչ հրաշալի տեսարան է։

Ռոստամյանը լսեց նրա ծանր և երկար հոգոցը։ Երբեք նա մի կնոջ երեսին երկու անգամ միմյանց հետևից նայած չէր, ո՛չ դրսում, ո՛չ մի տան մեջ, եթե երբևիցե նա գտնվել էր մի տան մեջ կանանց շրջանում։ Բայց այդ ավելի նիհար, քան թե գեր, սակավ ինչ գունատ թախծալի դեմքն, այդ խոշոր, տխրափայլ աչքերը մի քառորդ ժամ կաշկանդեցին նրա ուշադրությունը։ Գուցե պատճառն այն հետաքրքիր հայացքներն էին, որոնց նա արժանացավ երիտասարդ կնոջ կողմից — չգիտեր։ Չգիտեր նույնպես, թե ինչու ծերունին և դուստրը դուրս գնալուց հետո, ինքը մի քանի րոպե անշարժ կանգնած էր փողոցի լուսամուտի առջև և նայում էր մոտակա եկեղեցու արծաթափայլ գմբեթին, որ պսպղում էր արևի ճառագայթների ներքո։

Վերադարձավ այրի Նատալիան։

— Էէ՜, Նատալիա Պետրովնա, ի՞նչ կտաք, որ մի ուրախալի լուր հայտնեմ ձեզ,— դարձավ Ռոստամյանը ուրախ դեմքով յուր տանտիրուհուն։

— Ով գիտե, վարձել են բնակարանը․․․

— Հենց այդ է․ ահա՛ կանխավճարը։