Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես ապուշի նման նայում էի նրա երեսին, երբեմն երեսս անգիտակցաբար դարձնելով և՛ դեպի աղա Գուլամյանցը։ Անցան առաջին րոպեները, ծերունին, խոնարհեցնելով գլուխը, մի քանի անգա՛մ խ՛աչակնքեց երեսը և սկսեց ծունր դնել։ Այդ ժամանակ ես մի բան նկատեցի։ Ամեն անգամ երբ ծերոնին եկեղեցու հատակը համբուրելուց հետո բարձրանում էր, մի տեսակ սուր և սպառնալի հայացք էր ձգում աղա Գուլամյանցի կողմը և երկու ձեռներով յուր նիհար կրծքին խփում։ Թե ինչ էր արտահայտում ծեըոմնոլ այդ շարժմունքը, ինձ համար անհասկանալի էր, միայն պարզ էր, որ նրա աղոթքի մեջ խառն էր և աղա Գուլամյանցի անունը։

Ժամասացությունը վերջացավ։ Տեր-Վահակը, ավարտելով վերջին «յերթայք խաղաղությամբ և տեր յեղիցի ընդ ձեզ և ընդ ամենեսյան ամենը», սուրբ ավետարանը պահեց, որ բարեպաշտ ժողովուրդը համբուրե։ Ես վերցրի գդակս ու բանալիները և եկեղեցուց դուրս գալով, դռանը սպասում էի աղա Գուլամյանցին։

Մի քանի րոպեից հետո մենք «խաղաղությամբ և տերը մեզ հետ» ճանապարհվեցինք տուն։ Ծերունին ինձ խիստ հետաքրքրում էր, իմ միտքն այնքան զբաղված էր նրանով, որ բոլորովին չիմացա, թե ինչպես հասանք տուն։

III

Փառավոր և շքեղ էր այն տունը, ուր բնակվում էին Գուլամյանցները։ Բարձր, երեքհարկանի, սպիտակ քարից կառուցած շինության առջև բացվում էր մի ընդարձակ այգի բազմատեսակ մրգատու ծառերով և գեղեցիկ ծառուղիներով, որոնք ավարտվում էին մի մաքուր և լայն հրապարակի շուրջը։ Այս հրապարակի վրա շինված էր մի մեծ ավաղան, որի մեջտեղում գտնվող բարձր շատրվանից անդադար բարձրանում էին մաքուր ջրի պարզ և փայլուն շերտեր։ Ես առաջին անգամ էի տեսնում մի այդպիսի զմայլեցուցիչ տեսարան և այս պատճառով մինչև տուն հասնելը մի փոքր կանգ առա և հիացած նայում էի։