լավ կամ վատ խոսք լսես, պարտավոր ես իսկույն գալ և ինձ հայտնել։
— Ես կաշխատեմ բոլոր ձեր պատվերները կատարել ամենայն զգուշությամբ, — ասացի ես, խոնարհությամբ գլուխ տալով։
— Եթե կկատարես — քեզ համար լավ կլինի, եթե ոչ — ինձ շատ էլ վնաս տալ չես կարող։ Դե՛հ, գնա և խոսքերս ականջումդ լա՛վ պահիր։ Իմացիր, որ ես բարկացող մարդ եմ և սովորություն չունիմ ասածներս երկրորդ անգամ կրկնել։ Եթե մի անգամ սխալվեցիր կամ իմ տված պատվերները մոռացար — այն ժամանակ վա՛յ քեզ։
Կրկին անգամ գլուխ տվեցի և հեռացա։
Այդ երեկո ես անցկացրի ծառաների հետ, որոնցից, շնորհիվ իմ հետաքրքիր բնավորության, տեղեկացա աղա Գուլամյանցների ընտանեկան և առևտրական մի քանի գործերին։
Աղա Գուլամյանցները երեք եղբայրներ էին։ Ամենամեծը նրանցից աղա Ստեփանն էր, որ տարվա գրեթե մեծ մասը անց էր կացնում Շ... գավառի զանաղան գյուղերում։ Աղա Գուլամյանցների վաճառականության գլխավոր տարրը կազմում էր գինու առուտուրը։ Ամեն տարի նրանք ուղարկում էին Ռուսաստանի զանաղան կենտրոնական քաղաքները մեծ քանակությամբ գինի։ Շրջակա գլխավոր գյուղերի այգեգործությունը մեծ կապ ուներ նրանց հետ․ Չկար խաղողի այգի ունեցող մի գյուղացի, որն այսպես թե այնպես կապված չլիներ Գուլամյանց առևտրական տան հետ։ Ամբողջ Շ․․․ գավառի գինու արտահանությունը չնչին բացառությամբ գտնվում էր նրանց ձեռքում և, ինչպես պատմում էին, նրանց հարստության մեծ մասը գոյացել էր գինու առուտուրից։ Օգտվելով այն հանգամանքով, որ գյուղացիները առհասարակ գարնան ժամանակը փողի մեծ պակասություն են զգում և ունենալով միշտ պատրաստի դրամագլուխ, — աղա Գուլամյանցներն ամեն տարվա այդ ժամանակին գյուղացիներին կանխիկ վճարում էին ահագին տոկոսներով փողեր և պարտավորեցնում նրանց գրավոր կապակցություններով, որ նրանք աշնանն այգիներից գոյացած խաղողը կամ պատրաստի գինիները ծախեն իրանց վրա։ Որովհետև չկար մի ուրիշ դրամատեր, որ կարողանար