— Ես կախ չէի տալ, մատներով կխեղդեի,— հարեց Լազար Մակարիչը։
— Կինը մարդուն թողել է, բավական չէ, օտար քաղաքներ է փախել, բավական չէ, հիմա էլ ուզում է մի ուրիշին ձեռք գցի, որ հետո նրան էլ թողնի ու փախչի։ Մամա, ինչ ուզում ես ասա, ես կյանքումս կարող չէի երևակայել, որ կնիկարմատը կարող է այդպես փչանալ։
— Եվս առավել տղամարդը,— ավելացրեց հավատարիմ ամուսին Լազար Մակարիչը։
— Տղամարդն էլի, ասենք, այնքան մեղադրելի չէ, բայց կնիկ-արմա՜տը․․․ թյո՜ւ․․․— գոչեց Կատոն։
— Ճշմարիտ է,— ասաց Լազար Մակարիչը։
— Անպիտաննե՜ր։
— Անպիտաննե՜ր,— կրկնեց Լազար Մակարիչը։
— Ես այսուհետև նրանց ոչ մեկին ձեռք չեմ տալու, մամա, թեկուզ դու ինձանից նեղանաս։
— Էս էլ,— միացավ յուր կնոջ վճռին հավատարիմ ամուսինը։
— Երեսներն էլ չեմ ուզում տեսնել,— ավելացրեց Կատոն։
— Ես էլ,— շեշտեց «քաչալ Լազրեն», քայլ առ քայլ հետևելով յուր սիրելի կողակցին։
— Սպասեցե՛ք, սպասեցե՛ք,— ընդմիջեց, վերջապես, զարմացած, Նատալիա Պետրովնան։— Կատո, ի՛նչ ես վռազում․ ո՛վ է իմանում, շատ կարելի է դու անմեղ տեղը կասկածում ես, շատ կարելի է նրանք հենց այնպես, ծանոթներ են։ Ինչ կուզե — լինի, ես էլի չեմ հավատում, որ թե՛ Ստեփան Գրիգորիչն ու թե Վարվառա Մինայեվնան մի անխելքություն անեն։
— Ինչո՞ւ չես հավատում, դու ո՞րտեղից ես նրանց ճանաչում։
— Ստեփան Գրիգորիչի՞ն, ե՞ս չեմ ճանաչում, Կատո․ չորս տարի է ինձ մոտ բնակվում է։ Չէ՛, Կատո, ես նրան լավ եմ ճանաչում, նա շատ խելոք մարդ է, ուսում առած է։ Վարվառա Մինայեվնան էլ խելոք է, նա էլ ուսում առած է։ Երկուսն էլ լավն ու վատը հասկանում են։ Նրանք այնպիսի բան չեն անիլ, Կատո, դու սխալվում ես։