Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինքը բոլորովին հավատում է Ռոստամյանի և Վարվառեի սիրային հարաբերությանը։

Կատոն յուր կապոցը տվեց Լազար Մակարիչին։ Հավատարիմ ամուսինները դուրս եկան փողոց։

— Լազրո,— դարձավ Կատոն յուր ամուսնուն,— դու ինձ խայտառակում ես։

— Ինչո՞ւ, հոգիս։

— Միթե ինքդ չե՞ս հավատում, որ նրանք սիրահարված են։

— Էէ՜, նրանց հերն էլ․․․

— Չէ, դու շատ անքաղաքավարի ես,— պնդեց Կատոն,— եթե դու մարդ լինեիր, ինձ չպիտի հակառակեիր։

— Բայց, Կատյուշա, ախար ես քեզ ուրիշ կերպ ասացի երեկ։

— Միևնույնն է, իմ սխալը ղու կարող էիր հետո տանն ինձ ասել և ոչ թե մորս մոտ։

— Ներողություն, Կատո,— ասաց Լազար Մակարիչը, վիզը ծռելով ստրկորեն, ինչպես մի ժամանակ սովոր էր ծռել «մուշտարու» առջև, երբ գովում էր յուր փոքրիկ խանութի փտած ապրանքը։

— Դու մի՛ համարձակվիր ինձ հակառակել, լսո՞ւմ ես, Լազրո։ Ասում եմ այո — դու էլ ասա այո, ոչ — ոչ, թե չէ ճանաչո՞ւմ ես ինձ։

— Է՜է՜է, լավ, քո հորն օղորմի, շատ էլ մի բարկանար․ արի, գնանք, բուլվարում մի քիչ ման գանք, եղանակը խիստ լավն է։

— Այդ կապոցը ձեռո՞ւմդ պիտի ման գաս հետս,— ասաց Կատոն կեղծ զարմանքով։

— Ի՞նչ կլինի։

— Ամոթ է, սո՛ւս։ Տար տուն, հետո եկ։ Բայց ոչ, ոչ, մի՛ գար, ես պիտի գնամ Սոփիոյի մոտ մի քանի նոտաներ վերցնելու։

— Ես էլ կգամ հետդ։

— Ի՞նչ, ուզում ես ինձ խայտառա/կ անել, այդ կապոցը տնից տուն հետս մանացնելով։ Աստված սիրես, թող բազազխանի հին սովորություններդ։ Գնա տուն, ծառաներին մտիկ արա։

— Ա՛յ խորամանկ Կատո․ դու ինձ խաբում ես,— ասաց Լազար Մակարիչը կատակով։