Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— պատասխանեց Վարվառեն․․․— Նա սիրում է ինձ, բայց իրավունք չունիմ այդ սիրո փոխարեն նրանից անկարելի զոհաբերություն պահանջել — պահանջել, որ նա յուր անունը, պատիվը հասարակության խոսակցության առարկա դարձնի։

Ռոստամյանը, դառն հեգնությամբ գլուխը շարժելով, հուսահատված ու թուլացած, նստեց բազկաթոռի վրա։

— Ուրեմն, ես սխալված էի ձեր վերաբերմամբ․․․— արտասանեց նա տաքացած, ճակատը ձեռներով սեղմելով և երեսը ծածկելով։— Ես այդպես չէի կարծում,— շարունակեց նա նույն դրության մեջ,— ես ուրիշ համոզմունք ունեի ձեր մասին։ Բայց․․․ փո՛ւյթ չէ․․․ այո, գիտեմ այսուհետև, թե ինչ պիտի անել,— ավելացրեց նա, տեղից բարձրանալով և կես սպառնողական, կես աղերսալի մի հայացք ձգելով Վարվառեի վրա։

— Դուք չե՞ք հավատում ինձ, Ստեփան, այդ ավելի վշտալի է ինձ համար, քան իմ դրությունը,— ասաց Վարվառեն և ապա, երեսը դարձնելով մյուս կողմ, ավելացրեց,— ո՜րքան դառն է սիրել և իրավունք չունենալ սիրելու․․․

Հեկեկանքը խեղդեց նրա ձայնը․ նա սկսեց լալ։ Խղճի մի տարօրինակ խայթոց զգաց Ռոստամյանը։ Նա շտապով վեր կացավ, գրկեց Վարվառեին և տարավ դեպի գահավորակը։ Վարվառեն, անգիտակցաբար հպատակվելով նրան, նստեց գահավորակի վրա, իսկ Ռոստամյանը չոքեց նրա առջև և յուր բորբոքված շրթունքներով սկսեց համբուրել նրա ձեռները․․․

Պատշգամբի վրա դարձյալ մի շարժման ձայն լսվեց։ Այս անգամ Վարվառեն, որ նստած էր երեսը դեպի դուրս, նշմարեց մի մութ պատկեր, որ շտապով անցավ լուսամուտի առջևով, ինչպես գող կատու։

— Հեռացի՛ր, բավական է, հեռացի՛ր,— գոչեց Վարվառեն, դուրս սպրդելով Ռոստամյանի գրկից և ոտքի կանգնելով․․․— Նա, կարծեմ, գալիս է․․․ Դո՛ւրս եկ․․․ ես չեմ ուզում, որ նա մեզ միասին տեսնի, նա կհասկանա, հարվածը հանկարծակի կլինի․․․

Այս ասելով, նա վազեց դեպի դռները, կարծելով, թե պատշգամբի վրա երևացողը հայրն է։ Բայց ոչ ոքի չտեսավ։ Այնինչ՝