Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամ խստասիրտ լինել, որ չխաբի հորն, այն հորը, որի առջև երբեք նա չէր ստել։ Ոչ, թաքցնել յուր երջանկությունը — նա չի կարող։ Իսկ հայտնել․․․ ավելի դժվար է։

— Նա ուժ չի ունենալ հարվածին դիմանալու․․․— կրկնում էր Վարվառեն անդադար․․․

Երեկոյան նրա դառնությունն ավելի զորացավ, երբ, յուր սենյակի դռներից նայելով, Ռոստամյանի պատուհանում լուսո նշույլ չտեսավ։ Ո՞րտեղ է նա, արդյոք, ի՞նչ պատահեց նրան․ մի՛ գուցե հուսահատությունից յուր գլխին մի փորձանք բերեց։

Ամբողջ երեկո, սենյակի մեջ անցուդարձ անելով, նա չարաչար տանջվում էր այն մտքից, թե ինչու Ռոստամյանին հեռացրեց իրանից հուսահատ դրության մեջ, ինչու այդ տագնապալի րոպեներին հիշեցրեց նրան խոչընդոտների մասին։ Դողդոջուն քայլերով, գունաթափ դեմքով երբեմն նա մոտենում էր գավթի կողմի լուսամուտին և երբեմն փողոցի կողմի լուսամուտին։ Նայում էր դեպի գավիթ, նայում էր դեպի փողոց, և գիշերային մթությունը ահով լցնում էր նրա սիրտը։ Ի՞նչ անել, ո՞ւմ դիմել, ո՞րտեղ գտնել Ռոստամյանին։ Հանկարծ նրա երևակայությունը սկսեց սոսկալի պատկերներ ստեղծել։ Մերթ Ռոստամյանն երևում էր նրան Քուռի ափում, կամուրջի վրա, պատրաստ գետը ձգելու իրան, մերթ արդեն խեղդված, կամ գնդակահար և արյունաներկ կրծքով թավալված խուլ փողոցներից մեկում կամ մի հյուրանոցում։ Վարվառեն խելագարված– հարձակվում է նրա սառն դիակի վրա, բայց արդեն ուշ է, նրա ականջին հնչում են երեք սարսափելի բառեր։

«Պատճառը դու էիր»։

Վայրկենաբար նրա մեջ բուռն ցանկություն հղացավ դուրս վազել, որոնել Ռոստամյանին, գտնել, հետ դարձնել։ Թող նա չհուսահատվի, Վարվառեն նրան է պատկանում հավիտյան, այո, հավիտյան, ոչ ոք չի կարող բաժանել նրանց։ Նա զոհում է յուր կյանքը․․․ մինչև անգամ․․․ հոր սերը, պատիվը։

Նա հարձակվեց դեպի դռները, նայեց մի անգամ ևս դեպի գավիթ և արդեն պատրաստ էր դուրս գալ, երբ նրա ականջին պատշգամբի մյուս կողմից հասավ խոսակցության թույլ ձայն։ Երկու մարդկային ուրվագծեր երևացան հեռվից — մեկն անցավ