Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս ասելով, Կատոն մանրիկ քայլերով հետ ու առաջ էր գնում։ Երբեմն նա կանգ էր առնում պատին քաշ արած բարձր հայելու առջև և, կոտրատվելով, նայում էր յուր բարձրադիր «տուրնյուրին», որ նրա կազմվածքին տալիս էր փքված սիրամարգի տեսք։

— Դու էլի լինո՞ւմ ես նրանց մոտ, մամա,— հարցրեց նա հանկարծ։

— Լինում եմ, բայց շատ քիչ։

— Հըմ, ուրա՞խ է, թե՞ լաց է լինում այդ քո հրաշալի Վարվառա Մինայեվնան։

— Դու ծիծաղում ես, Կատո, բայց ծիծաղելի չէ․ թե տեսնես — չես ճանաչիլ, ոտքի վրա մեռածի է նմանվում։ Մի քանի օր հիվանդ պառկած էր, երեկ է վեր կացել։ Ինքն ասում է — «ոչինչ», բայց չէ, շատ վատ է դրությունը։ Գիտե՞ս, շուտով գնալու են Թիֆլիսից,— ավելացրեց բարեսիրտ այրին և հառաչեց։

— Էէ, ի՜նչ ես ասում։ Ռոստամյանն իմանո՞ւմ է, որ սիրականին փախցնում են։

— Ո՛վ գիտե, ինձ հետ նա չի խոսում, ամաչում է, ես ինքս էլ քաշվում եմ խոսք բանալու։ Է՛հ, Կատո, ճշմարիտ է, չեմ հավանում նրա արածը, բայց մեղքս գալիս է խեղճ տղին։ Այն օրից հետո քանի գնում, մաշվում է, ցերեկները տանը չի նստում, չորս օր իմ մոտ չճաշեց, հետո էլի սկսեց։ Խե՛ղճ տղա․․․

— Թող կորչի քո խեղճ տղան է՜է,— գոչեց Կատոն արհամարհանքով։

Պատշգամբի վրա երևաց Լազար Մակարիչը, մաքուր հագնված, զուգված, զարդարված, փայլուն «ցիլինդրը» գլխին, լայն կզակը նոր սափրած և սև հաստլիկ ընչացքը ոլորած։

— Ահա, ես էլ եկա, բարով Նատալիա Պետրովնա,— գոլեց նա, ուրախ և զվարթ դեմքով ներս մտնելով,— Կատո՛, քեֆ արա, ամառանոցը վարձեցի Բորժոմում, կամքդ կատարվեց, այս ամառ այնտեղ ենք անցկացնում։ Նատալիա Պետրովնա, դուք էլ պետք է գաք մեզ հետ։

— Վարձեցի՜ր,— գոչեց Կսոոոն զայրացած,— քեզ ո՞վ ասաց, որ այդպես շտապես, կարելի է, ես Բորժոմ չէի ուզում գնալ, մի ուրիշ տեղ էի գնալու։