Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/572

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոսքերին, որոնց մեջ չէր զգացվում անկեղծ համոզմունք հիվանդի առողջանալու մասին։

Օրըստօրե հիվանդի գլխատակն ավելի ու ավելի բարձրացնում էին․ արյունն այնքան պակասել էր, որ նրա շնչառությունը հետզհետե նվազում էր։ Վերջին ժամանակ բժիշկը միանգամայն նրան արգելել էր երկար խոսել, իսկ հորը խստիվ պատվիրել էր երբեք տխուր դեմքով չերևալ նրա առջև և երբեք որևէ բանով չհուզել նրան։

Այնինչ, Վարվառեն ո՛չ բժշկի խորհուրդների վրա էր ուշադրություն դարձնում և ո՛չ յուր հոր խնդիրն էր լսում։ Նա անդադար խոսում էր, լսում էր, ծիծաղում էր, ուտում և խմում էր այն, ինչ որ արգելված էր, և եթե չէին տալիս, երեխայի պես լալիս էր։ Նա դարձել էր ավելի հուզվող, դյուրագրգիռ, զգայուն և մանրակրկիտ։

Այրի Նատալիան, ժամանակ-անժամանակ, այցելում էր հիվանդին և ժամերով նստում նրա մահճակալի մոտ։ Վարվառեն, նրան տեսնելիս, ուրախանում էր։ Շատ անգամ, յուր ոսկրոտ ձեռը դնելով այրիի փափուկ ափի մեջ, թույլ և փոքր ինչ խռպոտ ու երերուն ձայնով այնքան խոսում էր, որ այրին երբեմն, վախենալով վատ հետևանքից, ստիպված էր լինում ընդհատել նրա խոսքը։ Խոսում էր նա անկապ, այլ և այլ բաների վրա, ստեպ-ստեպ փոխելով խոսակցության առարկան։ Ամեն օր նա խնդրում էր այրիին, որ սա մխիթարի ծերունուն, թույլ չտա, որ նա շատ տխրի յուր աղջկա հիվանդության մասին։

— Ես հույս ունեմ, որ շուտով կառողջանամ,— կրկնում էր նա վերջին օրերը։

Քանի հիվանդությունն, ըստ երևույթին, վտանգավոր չէր, բնավ չէր երկնչում մահից։ Բայց վերջին օրերն, երբ միայն թույլ շնչառությունն էր մնացել, երբ նրա կանաչ-հողագույն դեմքը մահ և միայն մահ էր արտահայտում, նրա մեջ ծագեց զարմանալի հույս, թե շուտով առողջանալու է։ Որքան կյանքը սպառվում էր, նույնքան այն քաղցրանում էր հիվանդի համար և նույնքան առողջանալու հույսը զորանում էր նրանում։ Միևնույն ժամանակ, որքան նա մարմնապես տկարանում էր, նույնքան նրա խելքն ու