Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արդեն պաչպչվում են և այլն, հասկանո՞ւմ ես։ Էհ, քաղաքը կիմանա այս բանը, էլ ո՞վ կմոտենա խեղճ աղջկան։ Աղա Գուլամյանցները կտեսնեն, որ իրանց աղջկա անունը կոտրվել է։ Ճարահատված կվերցնեն ու կտան Խաչիին։

— Օհո, օհո, տես որտեղից է բռնել անիրավը, — գոչեցին միաբերան մյուս ծառաները։

— Այ թե ինչու համար է Մակար աղան նրան այստեղից հեռացնում։

— Ուշ է, բանը վերջացած է։ Թամարի քարն արդեն հորի մեջ է ընկել և միայն Խաչին կարող է հանել նրան։

Ծառաները լռեցին։

«Կեցցե՛ս, յորղա Խաշի, կեցցե՛ս, — գոչեցի ես մտքումս, — տնկած ծառդ սկսում է պտուղ տալ։ Վնաս չունի, որ Թամարից հեռացնում են քեզ։ Ուշ է։ Այժմ այլևս ոչ ոք չի կամենալ Թամարին մոտենալ և յուր անունը խայտառակել։ Ո՞վ կհամաձայնվի թքած պատառը կուլ տալ»։

Վերմակը քաշեցի գլխիս և հանգիստ քնեցի մինչև առավոտ։

VIII

Բաքուն, ծովեզրյա այդ նորածաղկ արդյունաբերական քաղաքը, նավթային արդյունաբերության շնորհիվ, այն ժամանակ արդեն Անդրկովկասյան երկրի առևտրական կենտրոններից մեկն էր։ Իհարկե, զարմանալի կլիներ, եթե աղա Գուլամյանցների նման ճարպիկ վաճառականները գործ չսկսեին այնտեղ։

Աբրահամ աղան այն թմրած հայ վաճառականներից չէր, որոնք իրանց քթի տակ եղած հարստությունները չեն նկատում։ Նա մի քիչ ավելի բարձր էր իր հեռատեսությամբ, քան ասիացի, թեև ոչ այնքան զարգացած, որչափ նույնիսկ մի միջակ եվրոպացի վաճառական։

Այս պատճառով բնավ չզարմացա, երբ, հասնելով Բաքու, հանդիպեցի աղա Գուլամյանցների այնպիսի գործերին, որոնց համեմատ Շ․ քաղաքի առևտուրը խաղալիք էր։

Այստեղ նրանք ունեին բավական մեծ քանակությամբ նավթահողեր,