Ուրեմն, շարունակիր։ Խորամանկությունը և շողոքորթությունը զորեղ միջոցներ են, նրանք օգնել են քեզ մինչև այսօր, կօգնեն այսուհետև էլ, մի՛ բաց թողնիր ձեռքիցդ այդ միջոցները։
Արդեն երեք տարի էր, որ ես Ռուսաստան էի գտնվում։ Թե ինչպես անցկացրի իմ ժամանակն այդ երեք տարվա ընթացքում — այս կլիներ մի երկար պատմություն, եթե գրեի իմ հիշատակարանում։ Այսքանը միայն կասեմ, որ իմ կյանքը շատ ուրախ և զվարճալի էր անցնում Ռուսաստանում, երբ Աբրահամ աղան այնտեղ չէր լինում։ Այդ ժամանակ ես ո՛ր քաղաք որ գնում էի, ամենաառաջին հյուրանոցումն էի իջնում, ամենաթանկագին և ամենաընտիր կերակուրներն էի ուտում, ամենանուրբ եվրոպական խմիչքներն էի խմում։ Գիշերները մինչև լույս անց էի կացնում զանաղան զվարճատեղերում — թատրոնում, օպերայում, ցիրկերում, իսկ մեծ մասամբ կոֆեշանտաններում։ Քիչ փող չեմ ծախսել այդ միջոցներին կանանց վրա։ Պատահել է, որ այս կամ այն ինձ նման գործակատարի ձեռքից նրա սիրեցյալ տարփածուին ջգրու խլելու համար չեմ խնայել հազարներ։ Մի խոսքով, այդ երեք տարին ես անց եմ կացրել իմ կյանքում շատ շքեղ և շատ ուրախ, իմ օրերը սահում էին աննկատելի կերպով, ես ինձ զգում էի դրախտի մեջ։ Փողի մասին մտածել չկար, աղա Գուլամյանցների գրպանն ինձ համար բաց էր։
Իսկ երբ Աբրահամ աղան գալիս էր, ես իսկույն հագուստս էլ, բնակարանս էլ, ուտել — խմելս էլ փոխում էի և սկսում էի չափավոր կյանք վարել, որպեսզի համեստությունս ցույց տամ նրան։
Այսպես անցան առաջին երեք տարիները, մինչև որ պատահեց մի անսպասելի դեպք, որը դարձյալ փոփոխության ենթարկեց իմ վիճակը։ Առուտուրի խառը ժամանակն էր, ես գտնվում էի Նիժնի—Նովգորոդյան տոնավաճառում, իսկ Աբրահամ աղան՝ Մոսկվայում։ Մի օր հանկարծ ստացա Մոսկվայից մի հեռագիր, թե Աբրահամ աղան մահամերձ հիվանդ է և պահանջում է ինձ։ Ես