Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ չմնա ինձ համար էլ ոչ մի երգ աշխարհի հետ սիրտս պսակող։

Երբ էլ չցանկամ ապրելու համար ապրել՝ հասիր։

Երբ երկնչեմ տառապանքի մրրիկներից՝ հասիր։

Երբ փախչեմ կյանքի ահազանգից՝ հասիր։

Երբ ատեմ նմանիս՝ վազիր։

Իսկ մինչ այդ սողա ոտքերիս տակ, գալարվիր, սպասիր, ո՛վ դու մահ, իմ պաղ ոսկորների բեռնակիր․․․

1904 թ․


9. ԱՆՀԱՋՈՂ ԵՆԹԱԴՐՈԻԹՅՈԻՆ

Տանից դուրս գալով՝ մենք վճռեցինք մի լուսավոր, լավ կահավորված սենյակ վարձել քաղաքի կենտրոնում, տրամվայի գծի մոտ։

Ուրախ տրամադրության տակ անկապ, անհյութ զրույցներով մենք շատ տներ ներս ու դուրս արինք, շատերից լսեցինք, որ իրենք լավ մարդիկ են, շատերին էլ մենք հայտնեցինք նույնը մեր մասին և մեր ծրագրած սենյակի վարձի սղությունից հալածված ընկանք քաղաքի ծայրը։

— Քաղաքի ծայրում оդն ավելի մաքուր է լինում,— մխիթարվեց բարեկամուհիս։

— Քաղաքի ծայրերն անաղմուկ են լինում․ ահա քեզ հանգիստ պարապելու անհրաժեշտ հարմարություն,— տրամաբանորեն ավելացրի ես՝ քաջ ծանոթ լինելով նրա քմահաճ ու պահանջկոտ բնավորությանը, որ միշտ թյուրիմացորեն թշնամի էր նրա չափավոր միջոցներին։

— Երևի այստեղ սենյակներ են տալիս արհեստավոր, բանվոր մարդիկ,— մտածկոտ նկատեց իմ բարեկամուհին, որ կյանքում ցանկանամ էր ճանաչել միայն մի դասակարգ, որն ամեն ինչ ունի և կարող է ունենալ։

— Ոչինչ, այժմ էլ նրանց ճանաչիր, որ հարստանա միակողմանի պաշարդ։

— Ես գիտեմ նրանց,— ժպտած նա,— նրանք տգետ են ու բարի, գիտեն ծառայել մեզ ու հարգում են բնազդաբար դասակարգային տարբերությունը մեր մեջ։

Ես պատրաստվեցի առարկելու, բայց իսկույն զսպեցի ինձ, հարմար համարելով լռելը․ շատ էինք թափառել․ հոգնած էի սաստիկ և փողոցներում մեր խմած կվասներից փրփրել էր բերանս, որ զզվելի էր իր թողած քաղցրությունով։

— Թատրոնից վերադառնալիս այստեղ չե՞ն թալանում։

— Չգիտեմ․․․