Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչ-որ ընկել է իմ ուսերից վար,
Ինչ-որ հրում Է՝ թռչեմ թևավոր
Ու ոչինչ դժվար,
Ոչինչ ահավոր

(Մտածկոտ ուղղում է նավակը, հարմարեցնում և լաթով սրբում նստարաններն ու հատակը)

Թե սիրո համար օրենքներ չկան,
Սերն ամեն դեպքում հզոր է կամքից։
Այսպես խանդակաթ ու այսպես անբիծ
Գուցե սիրեի ես իմ աղջկան՝
Չգիտեմ ոչինչ։
Մրրիկ է լափել մտքերս բոլոր
Եվ բախտավոր եմ և շշմած մոլոր։
Մերթ խանդն է մաշում գործած մեղքի պես
Խենթացել եմ ես․․․

(Նստում է նորից և գլուխն ափերի մեջ առած մնում է այդպես):

ՏԵՍԱՐԱՆ Բ.

(Գալիս է Հեղինեն վերարկուն հագին ու գլխաբաց)

ՀԵՂԻՆԵ.— (Գոհ)

Տեսնո՞ւմ ես, եկա ծագեցի ափում
Արևից էլ վաղ

(Ծերուկը ցնցվում է և ոտքի կանգնում․ Հեղինեն թփերի վրայի ցողը նկատելով):

Իսկ գիշերը սև արցունք է թափել
Իր փառքին, ավա՜ղ։

ՆԱՎԱՎԱՐ.— (Ողջունելով):

Ապրես․․․ աղջիկս․․․ ատիր եղկելի
Ծուլությունը միշտ,
Երկար օրվա հոգսն է լի ու լի,
Վաստակը անվիշտ։

ՀԵՂԻՆԵ.— (Ժպտալով դիտում է ծերին)

Չգիտեմ ինչու՝ լսում եմ ես քեզ։

ՆԱՎԱՎԱՐ.— (Շփոթվում է)

Նույնը հայտնելու միտքն ունեի ես։

ՀԵՂԻՆԵ.—

Այսպես աչալուրջ դու ինձ կհոգաս,
Չես ուզում փոշի ինձ վրա (Ծիծաղում է)

201