Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՐՁԱԿ ԷՋԵՐ



ԹԻԹԵՌՆ ՈՒ ԵԶԸ

Թիթեռն ու եզը պատահեցին իրար հանդում։

— Ւ՜նչ անմիտ արարած ես,— ասաց արհամարհանքով եզը,— ոչ ուժ ունես, ոչ հաստ վիզ և ոչ էլ ամուր ոտքեր։

— Ծաղիկների սրտից փոշի ծծելու համար թեթև թևերն էլ բավական են, եզ եղբայր,— ասաց նախշուն թիթեռնիկը։

— Թո՜ւ,— զայրացած թքեց եզը,— հանդերի հյութոտ խոտը թողած փոշով է կերակրվում․․․ Այ քեզ անպետք արարած․ ուրեմն իզուր չէ, որ կյանքդ էլ անհանգիստ ու կարճ է տնօրինված․․․

1903 թ․

ՓՈՒՇՆ ՈՒ ՃԱՄՓՈՐԴԸ

Փուշը մտել էր ճամփորդի ոտքը․ ո՛չ դուրս էր գալիս, ո՛չ էլ թողնում, որ մարդը անցավ գնար իր ճամփով։

— Անիծված փուշ,— ասաց ոտքը,— ավելի լավ չէ՞ր լինի տեղղ մնայիր ու ազատ ապրեիր հիմար մացառիդ վրա։

— Բայց չէ՞ որ դու խանգարեցիր ինձ ազատ ապրելու։

— Ինչպե՜ս,— զարմացավ ոտքը։

— Շատ հասարակ կերպով։ Դու կոխեցիր ինձ, տրորեցիր․ միևնույն չէ ինձ համար այժմ ուր և ինչպես մեռնելը։

1903 թ․

ԳՈՐՏԸ

Խենեշ գորտը մի օր բարձրացավ ծառի վրա և ուզեց բարձրից նայել իր տաք ու անվրդով ճահճին, սակայն զլուխն սկսեց սաստիկ պտույտ գալ և քիչ էր մնացել վայր ընկներ։