Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՏՈՆ․— (Դառնացած) Դեհ, մի կանչիր, մարդ կիմանա։

ՄԱՐԹԱ․— (Կատաղած) Թող իմանան։ Ես ոչ ոքից չեմ վախենում։ Ւսկ դու մյուս անգամ չհամարձակվես կրկնել ասածդ․ վերջին անգամ ասում եմ՝ կանհայտանամ, դու կլինես պատճառը․․․

ԱՆՆԱ․— (Վախեցած) Էլ չեմ ասի, ներիր։

ՄԱՐԹԱ․— (Ավելի է գոռում) Ինչ-որ կարող էի՝ արի, ինչ-որ ունեի՝ վաճառքի հանեցի։ Էլ ի՞նչ ես ուզում ինձանից․․․ Էլ ի՞նչ մնաց, որ չեմ զոհել քեզ համար․ ասա, պարզիր․․․

ԱՆՏՈՆ․— (Շշմած Աննային աչքով է անում հեռանալու։ Աննան մտնում է տուն, իսկ ինքը մոտենում է Մարթային, գուրգուրանքով) Գիտե՞ս ինչ եմ մտածում։

ՄԱՐԹԱ․— (Արհամարհանքով) Իմ մասին մի նորություն։

ԱՆՏՈՆ․— Ճիշտ է․ նայում եմ քեզ և զարմանում․ ինչո՞ւ քո մեջ բացակայում է մի բան շինելու, ստեղծելու ցանկությունը, տիպար զանգված ես, քանդում ես առավոտից մինչև ուշ գիշեր, քանդում անսիրտ, անխնա և հրճվում փլատակների վրա։

ՄԱՐԹԱ․— (Դժգոն, ժպտով) Իսկ առաջ ասում էիր, թե ոչինչ չեմ անում․․․

ԱՆՏՈՆ․— Սպասիր, մի կտրիր խոսքս։ Օրինակ, սկսում ես մի կար, ձեռագործ, ամիսներ անկատար քարշ է գալիս սենյակում, մինչև որ կամ մայրդ է վերջացնում, կամ մեկին ես տալիս։ Կարդում ես գրքի, թերթի կեսը՝ խնդրելով, որ մնացածը ուրիշը վերջացնի, կամ պատմի քեզ։ Վճռում ես մի բան անել ու թողնում կիսաճանապարհ։ Հարգում ես մեկին, հետևյալ օրը հետը խռովելու անխուսափելի հնարը որոնելով, սիրում ես մեկին, ատելու ծրագիրը նախօրոք կազմելով և այսպես անվերջ․․․

ՄԱՐԹԱ․— (Որ լարված լսում էր) Վերջացրի՞ր։

ԱՆՏՈՆ․— (Տխուր) Գրեթե․․․

ՄԱՐԹԱ․— (Վշտացած) Ուրեմն ինձ այդպե՞ս ես հասկացել․․․ (Երկար մտածում է) Գիտե՞ս ինչ, մի կնոջ հասկանալը քո բանը չէ․․․ Դու կարդա, ճառիր, խոսիր, աշխատիր, ամեն ինչ արա, միայն մի՛ ջանա նրան հասկանալու՝ այդ քո խելքից, մտքից, ուժից վեր բան է, հավատա՛, պրոլետար։

ԱՆՏՈՆ․— (Ծիծաղում է) Մի՞թե։

ՄԱՐԹԱ․— (Լուրջ) Ճիշտ եմ ասում․․․ Հետո, այն որ սիրում կամ հարգում եմ մեկին, ատելության պատրաստակամությամբ՝ ճիշտ է։ Միայն ոչ քո հասկացած կետից։ Ճիշտ է, որովհետև նոր մարդուն ես մոտենում եմ ինչ-որ սպասելիքներով, ինչ-որ նոր աշխարհներ տեսնելու նրա մեջ, որից այսպես թե այնպես զրկված եմ ես։ Մոտենում եմ որոնողի հուսաշատ սպասելիքներով․․․ սակայն երբ որոնածս չեմ