— Արթնացրո՛ւ, արթնացրո՛ւ,— ծաղրեցին միամիտ աղջկան բոլորը միաձայն։
Քոթոն ինչ-որ մոմռաց քթի տակ և պատրաստ էր մի անհեռատես, հանդուգն քայլի, երբ խոհանոցի լուսամուտից դուրս նետվող տաք ոսկորները գայթակղեցին նրան, և նա իր սխալը հասկացավ միայն այն ժամանակ, երբ իր ձագն արդեն բազմոցի վրա էր։
Փոքրիկ տղան ու շունը խաղում էին այնպես սիրով, կասես հարազատներ լինեին։
Ես դրա դեմ ոչինչ չունեմ,— մտածեց հանգստացած շունը և ոսկորները բնի մի անկյունում հավաքելուց հետո նորից հեռու և երջանիկ ժպիտով սկսեց հետևել իր միակ զավակի խաղերին։
Փոքրիկ քոթոթը ուրախությունից ինքն իրեն կորցրեց ու առաջին թաթերը դնելով մանկան կրծքին, համարձակ լիզեց նրա դունչը։ Մանուկը վախից ճչաց, մեծերը սաստիկ վրդովվեցին և մի քանի քնքույշ ձեռքեր արագորեն ցույց տվին քոթոթին իր սխալի մեծությունը․․․
Քոթոն հեռվից դիտում էր կատարվածը ու կսկծից շվարած չէր իմանում ինչ դիրք բռնել, որ հետևանքը կորստաբեր չլինի իր վերջին զավակի համար․․․
— Ծեծի՜ր, ծեծի՜ր, զավակս, անպիտանին,— ասաց հարսը սրբելով ու համբուրելով որդու դունչը,— մի լավ ծեծիր, այ այսպես, այսպես։
Մանկիկը ծիծաղելով հետևում էր մոր օրինակին ու թաթիկներով ու տոտիկներով հարվածում շանը։ Մոլորված քոթոթը լիզում էր իրեն հարվածող բռունցքները, կամ անվարժ կերպով բողոքում։ Ընդհանուր ծիծաղից ու իրարանցումից ջահել հարսն այնպես ոգևորվեց, որ բռնելով քոթոթի ականջից՝ վեր բարձրացրեց և շուռ տալով оդի մեջ՝ նետեց բնի մոտ․․․ Ամենքն էլ մնացին գոհ։
Քոթոն լիզում էր, փաղաքշում իր ծեծված ձագին և արտասուքը կուլ տալով մտածում, թե որքան տարբեր են լինում մայրերը կյանքում։
1903 թ.
5. ՎԱՐԴԵՆԻՆ ՈԻ ՊԱՐՏԻԶՊԱՆԸ
Մի քնքույշ ծիլ էր տնկել պարտիզպանը, ամբողջ ձմեռը պահել էր նրան հստակ ձյան տակ, հետո դուրս բերել, փաթաթել, որ չմրսի, իսկ այժմ, գարնանամուտին ամեն օր չոքում էր առաջը, ուղղում ոտքերի տակի հողը, թումբը, խնամում հա խնամում։ Ծառ ու ծաղիկ նայում էին նրա վրա ու ծիծաղում․— խենթացել է ծերունին։