Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՐԹԱ.— (Նույնպես) Վատ էր կյանքը, իսկ ես լավ չէի նրանից։ Ես փոխվեցի, իսկ կյանքը մնաց նույնը, չփոխվեց․․․ Ինչ-որ կար այստեղ (ցույց է տալիս կուրծքը) մեկ-մեկ փուլ եկավ, կորավ, ինչո՞վ լցնել այդ բացը, ո՞ւր որոնել նոր բաղձանքներ, ո՞ւր բարձրանալ կամ իջնել, ի՞նչը քանդել կամ շինել (Խուլ) այլ կերպ ապրել չեմ կարող․․․

ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— (Երգում է).

Սերդ խնդրեցի մուրացկանի պես,
Խոստացա լինել ցմահ քո գերին,
Դու աշխատում ես, որ ինձ չհանդիպես,
Քաշվում ես նայել իմ կոշտ ձեռքերին։

ՄԱՐԹԱ.— (Կամաց) Խեղճ աղջիկ, սիրում ես ու գանգատվում, իսկ ես իրավունք չունեմ ո՛չ մեկը և ո՛ր էլ մյուսն անելու․․․

ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— (Լալահառաչ)

Կուզեի լինել շատերի նման
Ես էլ կուշտ ու գոհ ու կերպաս հագիս,
Սակայն չոր հաց էլ լի տա մեքենան
Իսկ ես՝ դեռ մանկութ քաղցած եմ հոգի՜ս․․․
(Աչքերն է սրբում):

ԵՐՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— (Զգացված) Որտեղի՞ց էլ գտնում ես հարմար երգեր․․․ о՜ֆ․․․

ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— Երգը կյանքին միշտ պիտի հարմար լինի, որ երգվի։

ԱՆՆԱ.— (Անհանգիստ) Մարթա՛ կեսօրվան շչակն արդեն վաղուց սուլել է, Անտոնն ինչո՞ւ ուշացավ։ (Մտատանջ շրջում է վառարանի շուրջը, նկատելի կերպով կորցնում է ինքն իրան ու ցնորամիտ հայացքը հառած դռանը մնում է քարացած):

ՄԱՐԹԱ.— Չեմ իմանում․․․

ԱՆՆԱ.— (Սարսափահար մոտենում է Մարթային) Փորձանք պատահած չլինե՞․․․ Կաթսան․․․ անիվը․․․ Մարթա, աղջիկս, դարձյալ սկսեցի վախենալ։ (Դողում է, խղճալի կերպով նայելով Մարթային):

ՄԱՐԹԱ.— (Բարկացած) Կրկին գուշակումներ. նստիր, հանգստացիր, ոչինչ չկա։ (Աննան Մարթայից վախեցած մոտենում է դռանը):

ԱՌԱՋԻՆ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— (Դժգոհ ու կամաց) Սաստիկ քաղցած եմ, ի՞նչ կարիք կա սպասել Անտոնին։

ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐՁԱԿՈՒՀԻ.— Առանց նրան ախորժակով չի ուտվում։