Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջը կուչ եկած մնաց. այ, այսպես (Չոքեչոք մոտենում է Մարթային և ցույց տալիս) տես այսպես. խի՛-խի՛-խի՛․․․

ՄԱՐԹԱ.— (Կատաղած) Լռի՛ր, լսո՞ւմ ես․․․ (Աննան նստում է տեղն ու կարում):

ԱՆՆԱ.— Իսկ ձմեռները ցուրտ է ու․․․ մրսում է թոռնիկս (Լալիս է) Ես մոռացա գեթ մի լաթով փաթաթել նրան, մրսում է, սիրունիկս, ձմեռները ցուրտ․․․ բուք-բորան․․․

ՄԱՐԹԱ.— (Կսկծից շվարած) Լսի՛ր, խղճա ինձ․․․ կթողնեմ քեզ մենակ, կկորչեմ։

ԱՆՆԱ.— (Բոլորովին ցնորված) Կորի՛ր, հեռացիր․․․ Ես առանց քեզ էլ կապրեմ. այն ժամանակ ոչ ոք ինձ չի արգելի սրտիս ուզածը պատմելու, կորիր․․․ դու ինձ միշտ ճնշել ես ու սաստել (Լալիս է): Իսկ իմ լավ աղջիկը մեռավ, նա քեզանից սիրուն էր ու համեստ․․․ նա չուզեց գործարանի կառավարչին սիրուհի դառնալ ու նրա գրկից փախչելիս ընկավ անիվի մոտ. յուղած անիվը խլեց նրա ոսկեհեր մազերից, վեր ու վար արավ ու (Լալիս է դառնապես) իմ սիրուն Կլարայից բան չմնաց, գրկեի, կրծքիս սեղմեի․․․

ՄԱՐԹԱ.— (Մոտենում է նրան գգվանքով) Մի՛ հիշիր, մոռացիր, մայր, նորից կհիվանդանաս։

ԱՆՆԱ.— (Չլսելով) Իսկ դու լկտի սիրեկաններիդ հետ քեֆի էիր գնացել. նույնիսկ նրա տրորված լեշերին վերջին հրաժեշտը չտվիր, անպատկառ․․․ (Մարթան գլուխը ափերում պահած դուրս է նայում լուսամուտից): (Աննան առանց Մարթայի կողմը նայելու) Հեռացի՛ր, ես վաստակել չգիտեմ, ես քեզանից գեղեցիկ եմ։ (Ժպտում է, խորհրդավոր ձայնով) Նորից կսկսվի գործադուլը․․․ Բանվորները քաղցած գայլերի նման կհավաքվեն, կխոսեն․․․ հա՛, հա՛, հա՛, հա՛․․․ քաղցից կխոսեն, կվիճեն, առանց օղու, առանց ծխախոտի, թքերը կուլ տալով․ խի՛, խի՛, խի՛, խի՛, մենք էլ սիրուն տեսքով բանվորուհիներս լավ կլվացվենք հոտավետ օճառով, կկոկվենք և դուրս կգանք սիրեկանների դեմ․․․ Ե՞րբ կվերադառնանք, միևնույն չէ, փող կբերենք։ Գիտե՞ս, անգետ աղջիկ, ինչ կնշանակի փողը խռովարարի համար։ Մենք այդպես էինք անում իմ հայրենի քաղաքում․․․ լրտեսում էինք բանվորուհիներին ու վաստակում․․․ (Երկար լռություն):

ՄԱՐԹԱ.— (Սաստիկ անհանգիստ) Ինչո՞ւ ուշացավ․․․

ԱՆՆԱ.— Այժմ խինդ, ծիծաղ չկա. գլուխս ազատվեց կոպիտ կոշիկի պայտած կրունկից․․․ այդ քո հայրն էր ինձ տանջողը, հիշո՞ւմ ես, ես կերակրում էի նրան, իսկ նա—երախտամոռ խոզը ծեծում էր ինձ․․․

ՄԱՐԹԱ.— (Մոտենում է կրկին գուրգուրանքով) Մոռացի՛ր անցածը, մայր․․․ այնպես լավ է մոռանալը, լսիր ինձ․․․

ԱՆՆԱ.— (Կարծես նրան չնկատելով) Աստված պատժեց նրան, նա