— Ինչ սիրունն է․ մի դրա վզի մարգարիտներին նայեցեք,— զարմացավ մի պատանի։
— Ձա՛յնդ, բաց բերան,— սաստեց ամենամեծը,— կշտանալ է հարկավոր․ «սիրուն երեսին փլավ չեն ուտի»։ Դե՛հ շարվեցեք կարգին և նշան տալու պես հարձակվեցեք։
Ճնճղուկները սրտատրոփ սպասում էին իրենց մեծի հրամանին, երբ կամաց բացվեց պարտեզի դուռը, ու մի երիտասարդ թաք կացավ ծառերի ու թփերի կանաչ պատնեշի հետևը։
— Հե՜յ, հե՜յ, հե՜յ,— դողաց հարսի ձայնը և նա մոռանալով իր փռած հացերը, հուշիկ քայլերն ուղղեց դեպի ծառերն ու թփերը։ Ծեր ճնճղուկը վիզը երկարացրած նայում էր սիրուն հարսի հետևից ու ժպտում ինքնագոհ։
— Դեհ, թռե՛ք, աղջիկներ,— գոռաց նա,— մի լավ կշտացեք։
— Իսկ եթե հարսը քար քաշե,— մորմոքաց մի անճար ճնճղուկ։
— Հարսը կուշանա,— ծիծաղեց ծերունին,— դե՛հ, ձեզ տեսնեմ, չվախենաք։
Երբ հարսը երևաց, բշտած հացերից մի մի ցանց էր մնացել։
— Հե՜յ, հե՜յ, հե՜յ,— կանչեց նա և իբր ուզում էր քար քաշել աներես ճնճղուկների վրա, նրան մոտեցավ ծեր ճնճղուկն ու ծլվլաց կամացուկ։
— Մի բարկանար, սիրուն հարս, արգելված պտուղը համով է լինում․․․
1903 թ․
Ծառը լալիս էր ու անիծում սանձարձակ քամուն։
— Ոտքդ կոտրեր, տեղ չհասնեիր, անառակ քամի, ինչպես որ դու իմ կանաչ ճյուղը կոտրեցիր, այնպես էլ աստված սիրտդ կոտրե․․․
Քամին ձայն չհանեց, գրկեց ծառը, համբուրեց բոլոր ճյուղերն ու տերևները և թռավ գնաց։
Այնուհետև թուխպերը կախվեցին երկնքից, արևը մնաց սարերի հետևը, և սկսեց մաղել պաղ ու ձանձրալի անձրևը։
Ծառերը խշխշում էին ցրտահար, ջերմի ու լույսի կարոտ, երազում պայծառ օրերի երգն ու մեղեդին։
— Աղջի՛,— ձայնեց դարավոր կաղնին իր մոտի ծառին,— ձայն տուր ամենքին, թող չոքեն աղոթք անեն, որ քամին գա, ցրե ամպերը, արևի երես տեսնենք։