Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թուրերն իրենց, մուրճերն իրենց նվիրական
Կուգան անոր կռվանին վրա հեսանել։
Եվ ժողովուրդը բովանդակ հանկարծ լուռ
Լուսնկային տակ հանդարտող ծովու պես
Կխոնարհի աղոթքի…

(Օրհնյա՜ լ ըլլաք, հառաչանքի մեջ խեղդված
Ով արցունքներ, մազերե վար կայլակվող
Ո՜վ արյունի կաթիլներ.
Ո՜վ աղոթքներ նախատոնին կռիվներու,
Մանավանդ դուք օրհնյա՜լ ըլլաք.
Ձեր մեջ է որ Հույսերը մոտ հաղթության
Իբրև ճերմակ աղավնիներ՝ ամենուն
Ծոցեն արփվո՜ւյն կսլանան)։

Եթերական կրակին խորեն իրիկվան,
Դեմի սարեն զառ ի վայր
Ա՜յն որ կիջնե անչափելի քայլերով,
Հերո՜ս մըն է, պերճահասակ քրմապետ
Նեմեսիսին կուսական,
Եվ անձնուրաց Նախախնամող մարդկության,
Արևը դեռ չմեկնած
Ճաճանչներն իր ամփոփեր է շեշտուղիղ
Անոր կուրծքին կարմրաբորբ,
Ցայտեցնելով զենուզարդեն պաղպաջուն
Ճառագայթներ՝ նման բամբշի մը գլխուն
Ծամակալ մեծ ասեղներն։
Արյուն մ՝ահա կկայլակի տակավին
Իր գոտիին արդարադատ կեռ սուրեն։
Կուգա՜,— ճակատն իր արդեն
Շաղակապված դափնիով։
Քայլերը ծանըր՝ փառքեն,
Եվ բռնությունը ճզմելեն՝ տենդակոխ
Ահավասիկ կերկփեղկեն
Ժողովուրդն այն խոնարհած
Ատելության և աղոթքին բեռին տակ։
նեմեսիսին ձռնելու