Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ի՞նչ է այդ աղաղակը զոր կողբաք՝
Իմ գանգիս և երազներուս հսկայական որմերուն ետև...
Ի՞նչ է այդ ղողանջը զոր կհնչեցնեք,
Ի՞նչ է այդ պատանքը զոր չորս հովերուն կառագաստեք...
Ի՞նչ է այդ արյունը զոր ձեր բախումներովը կործանարար,
Իմ հոգիիս մեջը կջրվեժեք...
Եվ ի՜նչ կտցահարում և ի՜նչ խավարչտին թևաթափ,
Ի՜նչ փոթորիկ ու ի՜նչ բազմություն իմ անհունի ներսիդիս...
Ի՞նչ մեռելախումբ անտառներու հանգույն ոտքի՝
Եվ դեղին հոգի ի՜նչ ցնորական սրսկում...

Օ, փառք քեզի, ո՞վ անցյալներու Հիշատակ,
Ահավասիկ որ իմ առջև կմերկանաս,
Ինչպես հողին արշալույսը փոթորիկներուն առջև,
Բայց, կդողդոջե՜մ. մեղա՜ քեզ, ո՜վ մահագույժ ներկա,
Անցյալիս գեղեցկությունը վերապրելու ուժը կպակսի ինծի.,.
Ու նորեն, երազներու ուխտված մարմնիս վրան,
Արյունով թրջված պատանքներուդ խոնավությունը կզգամ,
Ու չարազոր ձեռվըներ երկաթեղեն ծանրությամբ,
Կմոտենա′ն, կմոտենա՞ն արտևանունքներս փակելու,
Ու բազուկներս, որ ատենով հաղթանակներու արեգակին

գալարվեցան...


Այսօր ջախջախված՝ սրտիս սերերուն վրա կխաչաձևվին.․․։
Ըսե′ք, ըսե′ք, ո՞վ պիտի բերե հիշատակներուս աստվածային

աղբյուրներեն


Այն բաժակ մը ջուրը կենդանարար,
Որ հայրենացավս պիտի ամոքեր՝ բոցավառ մահաջերմս մարելեն...
Ու խե՜ղճ ճակատս, ի՞նչ մեծադիր երազներու ավերակ,
Պիտի զովացներ իմ անցյալիս աշխարհներուն վերերևումեն...
Օ՜հ, բաժակ մը ջո՜ւր, բաժակ մը ջո՜ւր, բաժակ մը ջո՜ւր,
Իմ հիշատակիս և հողիս հայրենական աղբյուրներեն,
Վասնզի, Մահը ուսերուս վրան է այս իրիկուն,
Ու մտիկ ըրեք, ակռանրս մահագուժորեն կկրճատեն...