Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ այդպես են միշտ ընթացել Հայեր.
Խորթ է նոցա ձայն սրտի համոզման.
Նախանձ ու նախանձ — խավարի սերմեր —
Առատ, լիաձեռն վիժել են միայն։

640 Թո՛ղ կոծվի կուրծքը խավարասիրի.
Նորա վաստակը նորան կըծածկե,
Եվ արդարության թարմ արմավենի
Անարվեստ վաստակն միշտ կըպսակե։

Թո՛ղ բառահյուսը, բզզալով անքուն,
645 Մրե յուր տողերն, որ քանի դաժան,
Նույնչափ գրվածի և արժողություն,
Նույնչափ քերթողը հաճ և բավական։

Իմ ընթերցողներ, պարծանք Լևոնին.
Նորան չէ դիպչում պատրանքը փառքի,
650 Թե պիտ սպասե՞ք դեռ դատաստանին՝
Հրապարակ հանած կատակերգակի։

Երեկյան տգետք, որոնց պիտո էր,
Որպես խարտվիլակ պահ դրան դնել,
Այժմ, իմ աստված, առատ գովեստներ
655 Չեղած տաղանդով կարծում են ինձ էլ...

Այո՜, խմբագիր մի խելացնոր,
Գուցե ձեր գործին կըծափահարե,
Բայց կրիտիկոսն, այդ սուրբ դատավոր,
Ի՞նչ վարձ կամ վճիռ պիտի հատանե։

660 Ի՞նչ է ցանկությունդ, անբախտ իմաստակ,
Արդեն քեզ խեղդեց հնության փոշին,
Գալոց սերնդի, թշվառ նշավակ,
Ինչո՞ւ դու ծնար, վա՜յ այդպես կյանքին...