Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XXII


Բա՛րձր քարոզիր սուրբ Ավետարան,
250 Որպես ճանապարհ դեպի գիտություն.
Թո՛ղ լցվին սրտերն մխիթարության
Սուրբ աղաղակով։ Եղի՛ր դու արթուն,
Որպես արթուն էր միածին Որդին,
Յուր անմեղ կյանքը տալով աշխարհին։
255 Քե՛զ եմ բարբառում, որ աշակերտ ես
Այդ մեծ Ուսուցչին, դու ինձ լսո՞ւմ ես։
Ո՛վ կղեր, կղեր, ծանր է քո բեռն
Աստուծո առջև, եթե դու այսօր
Հոգի չզգենուս, չպարզես քո ձեռն
260 Դեպի սուրբ վաստակ, որ կյանք տա քեզ նոր։

XXIII


Մի նայի՛ր անբախտ քո ազգի վերա,
Տե՛ս, ի՞նչ ալեկոծ ծովն մեջ է նա.
Առագաստ պատռած, կայմը խորտակած,
Շանթեր, կայծակներ մահով զինվորված։
265 Վե՛ր կաց, հոգևոր Հայր վիրավորի,
Ո՞ւր ես դու, ձա՛յն տուր, թո՛ղ լսենք քո ձայն,
Լսենք քո քարոզ հայրենասիրի,
Որի համար սուրբ է խեղճ Հայաստան։
Ձայն չկա, ավա՜ղ։ Եղբարք, ի՞նչ անենք.
270 Ինչպե՞ս դարմանենք այս մեր վտանգիս,
Եվ հոգևորի սիրտը դղրդենք,
Եվ հասարակին կարդա՜նք ավետիս։

1864 թվին
հունիս-հուլիս