Էջ:The Architecture, Tom 1.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[Իւչ քիլիսէ] երեք եկեղեցիս հինս, երկուքն աւերեալք, մեծագույնն շէն և երբեմն մեծ ուխտատեղի»: (հ. Ղ. վ. Ալիշան, «Այրարատ», երես 232):

Ասոնցմե հետո եղած շինություններ բացառապես կվերաբերին զանգակատան, որն որ Փիլիպպոս կաթողիկոս հիմնարկեց 1654 թվին, սակայն հազիվ թե գետնահարկի չորս մույթերը միացնող աղեղները նույն տարին կապված էին, ձմեռը վրա հասավ, և գարնան ալ Փիլիպպոս կաթողիկոսը վախճանեցավ:

Որովհետև Փիլիպպոս կաթողիկոս զանգակատան հիմնարկությունը կատարած էր առանց Երևանի խանին հաճության, իր [Փիլիպպոսի] մեռնելեն հետո խանը արգելք եղավ շինության շարունակությանը՝ մինչև իրեն պաշտոնանկ ըլլալը: Հաջորդ խանի օրով Հակոբ կաթողիկոս հրաման ստացավ և շինության շարունակությունը սկսան 1657 թվականին հուլիս ամսուն: Շինության վերջավորության մասին ալ հետևյալն է Առաքել վարդապետի գրածը.

«Եւ եղև կատարումի զանգակատանն ՌՃԷ (1658) թուին և ի տօնի խաչվերացին օրհնեցին զխաչն որ ի գլուխ զանգակատանն և քակեցին զիսկալէն: Արդ ստոյգ պատմութիւն զանգակատանն այս է, թէպէտ ի վերայ նորին գրեալ թուականքն այլապէս են»:

(Պատմութիւն Առաքել վարդապետէ Դաւրիժեցւոյ. գլ ԻԵ երես 341):

Գալով Եղիազար կաթողիկոսին 1682 թվականին կատարած շինություններուն, անիկա ավելցուցեր է արտաքուստ երեք abside-ներու վրա եղած երեք փոքրիկ զանգակատունները և ներսեն հարավային abside-ին մեջի պատարագի սեղանը:

(Յովհ. եպ. Շահխաթունեան, Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի, հատ. Ա, 1842, երես 29):

Միայն պետք է գիտնալ, որ Մովսես կաթողիկոսի օրով թեև ցույց տրված է, թե գմբեթի արտաքին երեսեն քարեր թափած էին և կաթուղիկեին գլուխը միայն քանդված էր, սակայն գմբեթի շինության ոճը ցույց կուտա, որ եթե ոչ ամբողջ գմբեթը, գոնե թմբուկի արտաքին երեսը շուրջանակի նոր ճաշակով նորոգված է, որով ստացեր է այսօրվան պատկերը. բայց թե իսկապես Մովսեսի գո՞րծն է, թե՞ հետագա կաթողիկոսներեն մեկուն, այդ մասին առայժմ ոչինչ չեմ կորղ վճռել:

Այժմ համեմատելով այս ստույգ տեղեկությունները Ստրչիգովսկիի տված տեղեկություններու հետ, կտեսնվի, թե անոր տեղեկատուն ի՞նչ անհեթեթ սխալներու մեջ ձգեր է զինքը, որոնց վրա հիմնված՝ ինքն ալ սխալ եզրակացություններու հասած է:

Ափսոս, որ Ստրչիգովսկի իր տեղեկատուին անունը հիշատակելու բարեհաճությունը չէ ունեցեր, որպեսզի այդ կարգի տեղեկատուներ հրապարակավ ստանային իրենց արժանավոր վարձատրությունը:

Ստույգ է, որ Էջմիածնի տաճարին պատերը շատ նորոգություններու երթարկվեր են, սակայն նախնական 5-րդ և 7-րդ դարերու շինություններեն այնպիսի մասեր մնացած են, որոնք հստակ կերպով կարդարացնեն իրենց վրա նույն դարերու ոճերը, և այդ մասերու քննությամբ շատ բան կպարզվեր Ստրչիգովսկիի նման հմուտ գիտնականին:

* * *

Հուսալով, որ մեծ բավականություն կպատճառեմ պատմական հայ արվեստներով զբաղողներուն, այստեղ քաղվածորեն կդնեմ մեծանուն բյուզանդագետ Ch. Diehl-ի նորագույն տեսությունները, որոնք մինչև այսօր գոյություն ունեցող շատ մը կարծիքներ հեղաշրջելու բնությունը ունին: Իհարկե, նաև պիտի ավելցնեմ ուղղումներ հեղինակին ստացած սխալ տեղեկություններու մասին՝ իմ որոշ տեսություններով հանդերձ: Ասով թերևս առիթ ըլլա վերստին անդրադառնալու նույն նյութերու և ավելի լուսաբանվին անստույգ մնացած կետեր:

Ch. Diehl հայ ճարտարապետության շատ ինքնուրույն և անոր 7-րդ դարեն մինչև 10-րդ դար Հայաստանի միայն հատուկ բնորոշ գծեր տեսնելով հանդերձ, վարանման մեջ կմնա արտաքին ազդեցություններու մասին: Ուստի, պատմականորեն, բացատրելով բյուզանդականի առավելագույն ներգործությամբ կազմված ըլլալը հավանական կհամարիք իբրև փաստ ներկայացնելով հայոց՝ Բյուզանդիայի հետ ունեցած սերտ հարաբերությունը և քանի մը կաթողիկոսներու ալ նույն դարերուն բյուզանդական կրթություն ստացած ըլլալը. Ա. հոդվածը կսկսի այսպես,

«Բայց եթե Բյուզանդիայի արվեստը 7-րդ դարու կեսեն հետո իր ծագում առած երկրին մեջ վերանորոգվեցավ, սակայն իր ստեղծած մեթոդներու գերազանցությամբ դուրսը պահվեցավ անոր զորեղ ազդեցությունը՝ որ 6-րդ դարու սկիզբեն սկսած էր գործադրվիլ բոլոր քրիստոնյա երկիրներու մեջ։ Հռոմը Արևմուտքի համար շուտով պիտի կազմեր անոր փայլուն օրինակները։ Այս գործունեության մեկ ուրիշ ոչ նվազ ապացույցը կտեսնվի Արևելքի մեջ, Հայաստան։ Հայաստան իր աշխարհագրական դիրքով շատ կանուխ մասնավոր ուշադրության արժանի վիճակի մե մեջ գտնվեցավ։ Սյուրիայի, Միջագետքի և արևելյան Պարսկաստանի հետ հաճախ հարաբերություն պահպանելով, բնականաբար պետք էր որ անոնցմե օգտակար դասեր կառներ։ Մյուս կողմանե Բյուզանդիայի հետ քաղաքական սերտ հարաբերությունը զինքը հունական ազդեցության կենթարկեր։ Քանի մը կաթողիկոսներ, որոնք 5-րդ և 7-րդ դարերու հայոց եկեղեցին կառավարեցին, Բյուզանդիոնի մեջ կրթություն ստացած էին: Հուստինիանոսի ճարտարապետներն ալ բազմաթիվ շենքեր կանգնեցին Հայաստանի մեջ, որոնք կարող էին իբրև օրինակ ծառայել: Այս երկու երկիրներուն, Հունաց և Արևելքի իրարու հետ ունեցած շփումներեն պետք էր որ ծներ ինքնուրույն և հետաքրքրական արվեստը մը:
«Ապահովաբար այս արվեստը դեռ լավ ճանչցված չէ, և շատ քիչ հետազոտված, անոր շուրջը ծագած շատ մը խնդիրներ տակավին վճռվելե հեռու են: Այլ սակայն արժե, որ քննվի և աշխատվի որոշել անոր հատկությունն ու ծագումը: Ստուգիվ հայ