զի շինեսցեն զերկիրն։ Որ և տարեալ բնակեցոյց զյոլովս յաշխարհն յայն»: (Ստեփաննոսի Տարօնեցւոյ Ասողկան, Պատմութիւն տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, երես 201)։
Ի՞նչ հարկ պիտի ստիպեր Վասիլը միայն հայերը զատել և գաղթեցնել, եթե գաղթողները իրենց աշխարհաշեն հատկություններով չգերազանցեին բնիկ տարրը: Աշխարհաշեն համարվելու համար ալ ժողովուրդ մը, բացի նյութական և ֆիզիկական աոավելություններե, պետք է որ ունենա նաև գիտություն և արվեստներ։
Անտարակույս, այս գաղթականության բոլոր բարեմասնությանց արդյունքը արձանագրվեցավ բյուզանդական կայսրության անունով։ Ոչ միայն Մակեդոնիո և կամ բյուզանդական հողի վրա, այլև բյուզանդական բաժին եղող Հայաստանի մեջ ալ զուտ հայերու ձեռքով զարգացած քաղաքակրթության անունն ու պատիվը դարձյալ իրեն պիտի սեփականեր տիրող տարրը: Այսպես է եղեր միշտ ազգերու պատմության մեջ. ստեղծագործող ցեղի իրավունքը շփոթված կամ նվիրված է տիրապետող ցեղին:
Այսօրինակ պարագաներու մեջ հայ արվեստագետներ պարտական ալ չէին մտածելու, թե ապագան ի՞նչ անուն պիտի տար իրենց արվեստին, բավական էր, որ ներկան զիրենք նյութապես և բարոյապես լիառատ կվարձատրեր։ Անշուշտ ուրախ կըլլային նաև, որ մեծ կայսրության ընդարձակ երկիրներուն մեջ ոսկիով ողողված պարարտ հող կար, իրենց հանճարն ու բեղմնավոր երևակայությունը կյանքի մեջ իրագործելու համար։
Բյուզանդական կայսրներու մեջ ամենեն փառասերն ու ամենեն շռայլը Հուստինիանոս, քան զՍողոմոն գերազանցելու տենչով, 6-րդ դարու սկիզբը ձեռնարկեց Կոստանդնուպոլսո հրաշակերտ ս. Սոփիա եկեղեցվո շինության:
Մրցումը հաջողությամբ պսակվեցավ. քանի մը տարի հետո արդեն պատրաստ էր այդ հսկա մեծագործությունը՝ որն որ Հուստինիանոս միմիայն իր անվան հետ կապել կուզեր: Օծման նավակատիքի ժամանակ, երբ բյուրավոր ոսկի ու արծաթ ջահերով ու կանթեղներով լուսազարդված տաճարը մտավ, հպարտ շեշտով մը գոչեց. «Հաղթեցի քեզ Սողոմոն»:
Բայց ապագա գիտական անաչառ դատաստանը անարդար գտավ Հուստինիանոսի հպարտությունը, և երկրորդական տեղ տվավ անոր այդ հսկա հիշատակարանի շինության մեջ, և այն օրեն սկսյալ ս. Սոփիան փոքր-ասիացի երկու համեստ ճարտարապետներու՝ թրալացի Անթեմիուսի և մելիտացի Իզիտորի հավիտենական անմահության կոթող արձանագրվեցավ արվեստից պատմության մեջ: Որովհետև կրնար ըլլալ, որ մեկե ավելի արքայական գանձեր բացվեին հիշատակարան մը կանգնելու համար, բայց երբ այդ արքայական գանձերու չմիանար Անթեմիուսներու և Իզիտորներու չնաշխարհիկ հանճարը, արդյունքը ոսկիե աղյուսներու կույտի մը արժեքը միայն կունենար:
Բայց մյուս կողմանե, եթե բախտի բերմամբ չգտնվեր միլիոնավոր հպատակներու քրտանց կաթիլները իր փառասիրության զոհելու մեջ չխղճահարվող Հուստինիանոս մը, մենք ո՞րտեղ պիտի կարդայինք Անթե-միուսի և Իզիտորի փառավոր անունները: Արքայական գանձին հետ միացած թագակրին փառասիրությունը հանճարի հրաբուխը պայթեցնող միակ ուժն է, առանց այդ ուժին շատ հանճարներ անհիշատակ կորսվեր են ու պիտի կորսվին, ինչպես պիտի կորսվեին Անթեմիուսն ու Իզիտորը առանց Հուստինիանոսի։ Մոլություններ կան, որ երբեմն առաքինություն կծնին, տարաբախտ մարդկությունը ստիպվեր է երբեմն խրախուսել մոլությունները՝ հանճարները փրկելու համար:
Ինչո՞ւ ս. Սոփիան մինակ մնաց Բյուզանդիայի փառքի պատմության մեջ ու այլևս չկանգնվեցավ անոր նման հրաշալիքբ մը՝ Հուստինիանոսեն հետո, գրեթե ինը դար տևող կայսրության մեջ։ Որովհետև, եթե պահ մը գտնվեցան ալ Հուստինիանոսը գերազանցելու ձգտող ինքնակալներ, այլևս չգտնվեցավ ոչ արքայական գանձի այն առատությունը և ոչ ալ ինքնակալի մը արժանիքը հսկա տաճարներ կանգնելուն մեջ փնտռող պարզամիտ ժողովուրդը։
Արաբական արշավանքները արդեն սկսեր էին կամաց-կամաց կազմալուծել Բյուզանդիայի աշխարհասասան ուժը, հետևաբար նաև ցամքեցնել հարստության աղբյուրները։
Հուստինիանոս ալ շատ դյուրությամբ չկարողացավ ոսկի ու արծաթ հասցնել ս. Սոփիայի շինության համար, քանի մը անգամ ստիպվեցավ զանազան միջոցներով ճնշել արտասովոր տուրքերու պատճառավ նյութապես հարստահարվող ժողովրդի ընդվզելու պատրաստ խլրտումները։ Ֆիզիկական ուժե ավելի աստվածային հրամաններով և հրեշտակներու պատգամներով սանձահարեց մոլեռանդ հավատացյալ ամբոխը։ Մեկ կողմանե բյուզանդական կայսրության փառքն էր ս. Սոփիան, մյուս կողմանե աղետ՝ ժողովրդի տնտեսական կացության։ Միմիայն ներքին շարժ՜ական զարդարանքներուն համար հազիվ բավական եղավ ամբողջ Եգիպտոսի մեկ տարվան տուրքը։
Հուստինիանոսեն հետո, մեծատարած ծովերու և ցամաքներու հրամայող շատ քիչ թագավորներ գտնվեցան, անոր հաջորդները հազիվ հազ հաջողեր էին Հուստինիանոսի տնտեսապես քայքայած ժողովուրդը կազդուրելու, ահա հարավի պատուհասը հասավ Արևելքն ու Արևմուտքը քանդելու։ Հայաստանը, հակառակ իր փոքրության և քաղաքական ու տնտեսական անմխիթար դրության, ապացույցներ շատ տվեր է, որ եթե ոչ բյուզանդական կայսրությունը գերազանցող, գոնե անոր հետ մրցելու չափ կարող արվեստագետներ զարգացուցեր է իր հարազատ ծոցին մեջ։
Ս. Սոփիայի կանգնումեն դար մը հետո, Հայաստանի սրտին վրա կանգնվեր է Զվարթնոց եկեղեցի մը, որուն հանճարեղ կազմությունը դարձյալ կոչված է ընդմիշտ զարմացնելու արվեստագիտական աշխարհը։
Այս չնաշխարհիկ հիշատակարանին Հայաստանի մեջ գոյությունն ալ պարտական ենք Ներսես Շինողին,