վրա պատվաստելով իր նոր ստեղծագործությունները շինարարական ասպարիզում։
Թեև 9-րդ դարու կեսին ավանդաբար վերագրված մի քանի շենքեր գտնվում են Հայաստանում, սակայն նախքան այդ բոլոր շենքերի կառուցման ժամանակը 9-րդ դարին լինելը բոլորովին փաստացի կերպով չի ապացուցվում, նաև նրանց վրա հայտնի տեսնվում են նոր արվեստի կազմակերպության համար եղած խարխափումներ ու բռնի ջանքերը։
Համենայն դեպս 10-րդ դարուն այլևս փաստ է Հայաստանում մի նոր ճարտարապետության վերածնությունն Այրարատյան աշխարհում և մասնավորապես Շիրակի նահանգում։ Ահա այս նոր վերածնությունն է, որ ես անվանում եմ հայ ճարտարապետության երրորդ վերածնություն, գրեթե բովանդակ Հայաստանի համար, որովհետև նույն վերածնության արդյունքներն օտար ճանապարհորդների ուսումնասիրության մեջ տեսնվում են ոչ միայն Այրարատում և Շիրակում, այլև Սյունիքում, Վասպուրականում և գրեթե ամբողջ Վանա ծովի շուրջը, մինչև Տարոնի արևմտյան սահմանները։ Թե պատմագրական տվյալներով և թե Եվրոպայի գիտնական ճանապարհորդների նկարագրություններով պարզ երևում է, որ ինչպես Շիրակում, նույնպես Վասպուրականում բուռն թափով վերակենդանանում է շինարարական կյանքը և սկսվում է այնպիսի եռուն աշխատանք, որ ոչ մի կասկած չի թողնում կատարված գործնական աշխատանքների ստուգության և նորածին արվեստի հառաջադիմության։ Թեև ես Այրարատի և Շիրակի հուշարձաններից զատ՝ հնարավորություն չեմ ունեցել քննելու, սակայն օտար ճանապարհորդների տված նկարագրություններ և մատենագրական տեղեկություններ շատ բան են պարզում ինձ համահայաստանյան այս աշխատանքների մասին։ Թեև անջատ իշխանությունների և ուրույն երկիրների բաժանված, բայց վերածին նոր արվեստի զարգացումը և գործունեությունը հավասար կերպով ներգործում են նախկին ընդարձակ Հայաստանի սահմաններուն մեջ։ Մատենագրությունները եթե քրքրենք, շատ բան կգտնենք նշանավոր շինությունների և մասին, սակայն այդ շինություններեն մեկուն մասին ես պիտի գրեմ այս աշխատությանս մեջ քիչ հետո, քաղելով ժամանակակից մի պատմագրից։ Դժբախտաբար ես անձամբ չեմ տեսած այդ մեծ գործի մնացորդները տեղին վրա, այնուամենայնիվ նկատողներ եղել են, սակայն 9-րդ դարու մի պատմագրի՝ Թովմա Արծրունիի՝ նկարագրությունն այնքան ճշգրիտ և մանրամասն է և, որ ավելին, այնքան արվեստագիտական է, որ ոչ մի կասկած չի թողնում նրա ճշմարտության. այս աշխատանքը կատարվել է Վասպուրականում՝ Աղթամար կղզու մեջ, և շինվել է բավական ընդարձակ նավահանգիստ, բաց ծովին մեջ հիմնադրվելով մի ընդարձակ պարիսպ։ Բայց այս մասին իր կարգին։
Ինչպես տեսանք, երկրորդ վերածնության նախօրյակ 6-րդ դարում մի նոր արվեստի վերածնության համար նախնական փորձեր և ջանքեր գործ դրվելը, շրջապատող երկիրներում զարգացող ճարտարապետական տարերքների պատվաստումով, նույն խարխափումը և ճիգն ավելի պարզ երևում է 10-րդ դարի երրորդ վերածնության մեջ, մասնավորապես այն շենքերի վրա, որոնց կառուցման ժամանակը չի ապացուցվում արձանագրություններով, և հավանական է թվում նախքան 10-րդ դար կանգնված լինելնին: Այս շենքերի վրա, թեև արևմտյան ճարտարապետությունից փոխառյալ ոչ մի նմույշ չի երևում, նույնպես նաև արևելյան հնագույն motive-ներ կարևոր փոփոխությունների ենթարկված ու տեղականացած են, սակայն առհասարակ ընդհանուր պատկերը շատ լուրջ և ոճն ավելի ցուրտ է, ի բաց առյալ իրագործված մի քանի մասերի վրա չափազանց գեղեցիկ և ճարտար քանդակագործությունները։ Շինվածակերպերի տեսակետով, ըստ հայաստանյան նախնական ավանդությանց, հաստատության և գործնականության մասին հետևողականությունն ակներև է, սակայն 10-րդ դարու կեսից հետո կանգնված շենքերի նրբությունները և գեղարվեստական փափկաճաշակ երևույթը չունին։ Ուստի այս նախնական շրջանի մի քանի շենքերը բացառություն կամ երրորդ՝ նոր վերածնության նախնական փորձերը համարելով, այսուհետև կարծիքներս պիտի ընդհանրացնեմ 10-րդ դարու կեսից հետո մինչև այս վերածնության անկումը կանգնված շենքերի վրա։
Այս նոր՝ երրորդ վերածնության ոճին ամենից ավելի բնորոշ հատկանիշն այն է, որ արտաքին պատերը զարդարված են նուրբ ու գեղեցիկ քանդակազարդ աղեղներով պսակված որմնասյուներով։ Այս որմնասյուները միանգամայն հեռու են նախկին վերածնությունների մեջ երևացող որմնասյուների համեմատական համաչափություններից, այս անգամ նեղ տրամագծով անհամեմատ երկար են սյուները, որոնք վերջանում են գնդագլուխ խարիսխ ու խոյակներով և taillore-ներով։
Պատուհաններն սկսած են փոքր ինչ նեղնալ, բայց ավելի բարձր, քան նախորդ վերածնության մեջ ընդունված չափերն ու համեմատությունները. միշտ շրջանակված են հաճախ քանդակազարդ անհամեմատ լայն շրջանակներով, իսկ քանդակազարդ չլինելու դեպքում կամ գեղեցիկ moulure-ներով են շրջանակված կամ երկու կողմին վրա նրբին որմնասյուներով վերևից կիսաբոլոր քանդակազարդ պսակով (chambranle) ավարտված։ Նույնիսկ կան այնպիսի պատուհաններ, որոնց վերևները միայն պսակված են մի relief պսակով, իսկ եզերքների վրա առանց ուղղագիծ moulure ունենալու, ցածաքանդակ փորագրված և շրջապատված են զանազան զարդաքանդակների նեղ շերտերով. այս վերածնության հատկանիշն են բոլորակ միջակ մեծությամբ պատուհանները քանդակազարդ կամ լայն moulure-ներով շրջանակված։ Եռանկյուն խորշերը, որոնք ի հնումե իրենց առանձին պատճառը և կոչումն ունեցած էին շինարարական տեսակետով և միայն արևելյան և երբեմն ալ արևմտյան կողմին շինված էին, այս վերածնության մեջ պահանջից անկախ նաև եղել են իբրև զարդ և, ինչպես 7-րդ դարու մի քանի շենքերի վրա, այժմ ընդհանուր կերպով շինված են չորս ճակատների վրա հաճախ նրբին և ակնապարար մանրանկար քանդակներով պսակված. հաճախ քանդակված է նաև խորշի կամարիկի ներքևը մինչև կիսաբոլորակի հանգիստը պատի վրա։