Հունական աստվածապաշտության հատուկ մեծամեծ տաճարներուն զուգահեռաբար զարգացեր է մեհենական մի ուղղություն։ Այս ուղղության կպատկանին փոքրիկ կամ միջակ մեծությամբ շենքեր՝ բոլորակ կամ քառակուսի ձևերով, որոնք հաճախ զուրկ էին նաև արտաքին շրջապատ սյունասրահներեն, ոմանք միայն մտից դռան առջևն էր, որ ունեին փոքրիկ սյունազարդ ծածկույթ մը շենքի նեղ ճակատին լայնության հավասար։
Այս շենքերը հատուկ էին երկրորդական աստվածություններու, կամ, ավելի ճիշտը, իրենց մահվանից հետո աստվածարող մահկանացուներու պաշտաման, որտեղ կպահվեին աստվածարող հերոսի սիրելի և թանկագին իրեղենները, պատերազմական գործիքները։ Երբեմն այս սրբարանին մոտ, առանձին բաժանումի մը մեջ, կգտնվեր հերոսին գերեզմանը:
Այս մեհենիկներու մեջ, որոնք բնորոշված են tesar անունով, միշտ միևնույն ձևով չէր կատարվեր կրոնական պաշտամունք, ինչպես բուն աստվածներուն նվիրված տաճարներուն մեջ։ Այստեղ պաշտամունքը պարբերական էր։ Յուրաքանչյուր տարի, որոշ օրվան մը մեջ, մեծ բազմություն կհավաքվեր այս մեհենիկին շւրջը, զոհաբերություններ և նվիրաբերություններ կկատարվեին, նվագարաններով, պարերով, կեր ու խումով և ուրիշ բազմապիսի խրախճանություններով կտոնեին մեհենիկի նվիրական հերոսի հիշատակը։
Գուցե արդարացի կերպով առարկողներ լինեն, որ ընդհանրապես քրիստոնեական եկեղեցիներու ձևերը, որոնք հետևողությամբ նաևհայոցը, հետևողություն լինին եբրայական տաճարներու, որոնք ոչ միայն խոտելի չէին քրիստոնեից համար, այլև իբրև խարիսխ ծառայել են նորածին քրիստոնեական եկեղեցվույն։
Այս առարկությունը որոշ չափով հող կգտնե վարդապետությանց և ծիսակատարությանց օրենքներու տեսակետով, որոնց մասին առիթ կունենանք իր կարգին խոսելու, իսկ ինչ կվերաբերի եբրայական տաճարին ձևին ու կոչումին և հատկանիշներուն ընդհանրապես, եգիպտական և հունական տաճարներու գլխավոր ձևերն ու կոչումները մարմնացուցած էր իր վրա։
Մինչև 7-րդ դարու եղած հայոց հնագույն եկեղեցիներու հատակագծային այլազանությունները մեկ ակնարկով տեսնելու և դյուրությամբ համեմատության դնելու համար այստեղ կդնեմ ընդհանուր քարտես մը, որուն մեջ կան գրեթե բոլոր առանձնահատուկ ձևերը զանազան ժամանակներ իրագործված[1]:
Քարտեսի մեջ եղած հատակաձևերուն մեջեն Էջմիածնի տաճարին հատակաձևն է, որ, ըստ սլատմական և ժողովրդական ավանդության, ամենահինը համարված է, նույնիսկ Գրիգոր Լուսավորչին կվերագրե ավանդությունն այդ հատակաձևի հորինումը։ Պատմական տեղեկություններ կան, որ մինչև 7-րդ դարու կեսը Էջմիածնի տաճարը մեկ երկու անգամ վերանորոգվեր է, բայց որպես թե առանց հատակաձևը փոխելու, նախկին հիմերու վրա վերաշինված է։
Պատմական տեղեկություններու մեջ հատակաձևի հատկանիշներու մասին բառ մը անգամ չկա, նույնպես վերանորոգողներու մեջ, 5-րդ դարու վերջին քառորդին Վահան Մամիկոնյանն է, որ հիմեն ի վեր նորոգ շիներ է «Իբր զհանցեալ գործ նախնեաց» (Ղազար Փ. 157). դարձյալ ձևի մասին ոչ մի ակնարկ ժամանակակից պատմագրի կողմից: Վահանի վերաշինութենեն հետո եղած վերանորոգություններն են, որ կատարվեր են առանց հատակաձևի փոփոխության։
Ես առիթ ունեցեր եմ այս մասին ընդարձակորեն կարծիքս հայտնելու «Էջմիածնի տաճարը» գրքույկիս մեջ, և ապացուցելու, որ այդ ձևը կպատկանի առանձնապես 5-րդ դարու վերջերին և թերևս առաջին անգամ իրագործված Հայաստանի մեջ։ Ուստի, փոխանակ այդքան զարգացած և կանոնավորված հատակագծի, պետք է ուրիշ հատակագծային ձև մը փնտռել, որ թե ձևով ինքը որոշ չափով նախնական լինի և թե տրամաբանորեն համապատասխանե նորադարձ քրիստոնեության նախնական վիճակին:
Հետնագույն ժամանակի պատմիչ Զաքարիա Սարկավագի
- ↑ Այս քարտեսը չգտանք հեղինակի գործերում, կամ կորել է և կամ կազմումը հետաձգված է եղել ապագային, այդ պատճառով այս բաժնում դրել ենք քննության ենթակա գրեթե բոլոր եկեղեցիների հատակագծերը: ԿԱԶՄՈՂ