Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և միօրինակություն մտցուցեր է եկեղեցական պաշտամունքի մեջ իր կանոններով։ Ամենաշատը մինչև այն ժամանակ անհրաժեշտ պահանջ պիտի լիներ ապաշխարողաց կայանի մը՝ «արտաքոյ եկեղեցւոյ», որուն համար, նախ՝ բավական էր համայնքի հավաքված որևէ սրահին դռնեն դուրս կանգնելը ապաշխարողներու համար, երկրորդ՝ այստեղ ևս «արտաքոյ եկեղեցւոյ» խոսքը կարող ենք իմանալ փոխաբերական մտքով, այսինքն՝ պատարագի կամ հաց կտրելու ներկա գտնվելու իրավունք ունեցողներեն անջատվել, դուրս գալ, գուցե բոլորովին հեռանալ աղոթատեղիեն։ Ուրեմն, այս տեսությամբ, բավական էր քրիստոնեից համար որևէ մի սրահ առանց բարդ հարամասունքներու, ուր հավաքվեին պաշտաման ժամանակ, հետո ալ փակելով դուռը՝ հեռանային։

Մեր հին պատմիչներու ավանդած տեղեկություններու համաձայն ալ գրեթե ընդարձակ չափերով եկեղեցիներ շինված չկանք միայն [Փավստոս Բյուզանդ] է, որ Աշտիշատի եկեղեցվո և մեկ երկու վկայարաններու շինության պատմությունը կանե մեզի, նույնը Զենոբ Գլակ, իսկ Ագաթանգեղոս եռանդով կպատմե կռատուններու քանդվելը և անոնց տեղ քրիստոնեական եկեղեցիներ շինելը։ Այնուամենայնիվ, էջմիածնի տաճարեն և երեք վկայարաններեն զատ, հայտնապես մատնացույց ըրած չէ ուրիշ եկեղեցվո մը շինության մասին։ 5-րդ դարու պատմագիրներ Եղիշե և Ղազար Փարպեցի, նույնպես Մովսես Խորենացի, եկեղեցվո շինության համար բառ մը անգամ գրած չեն, բացառությամբ Դվնա մեջ Վարդան Մամիկոնյանի շինած u․ Սարգիս եկեղեցիեն և կաթուղիկե եկեղեցիեն։ Բնորոշ է Զենոբ Գլակի տեղեկությունը, որ կմատնանշե հեթանոսական տաճարի վրա շինված եկեղեցվո մը մասին նույն հիմերու վրա, առանց ձևը փոխելու, միայն դռան տեղը փոխելով արևմուտք։

Ուրեմն, եկեղեցաշինության մասին մինչև գարուն վերջերը եղած պատմագրական բոլորովին հատ ու կտոր տեղեկություններեն կարող ենք հետևցնել, որ գրեթե աչքի ընկնող տաճարներ չէին շինված, շինվածներն ալ ոչ մի ուշադրության արժանի բաներ չէին չնչին բացառությամբ։

Ուրեմն ինչ կասկած կարող է լինել, որ հայոց քրիստոնեական ամենանախնական շրջանին համար միանգամայն բավական էին Շիրվանջուղի և Եղվարդի եկեղեցիները, ուր ոչ մի հարամասունք կցված չկա և կարիք ալ չկա, որովհետև եկեղեցվո մեջք ըստ հետագային ավանդված եկեղեցական կանոններու, ոչ եկեղեցվո մեջ սրբազան անոթներ պահելու սովորություն կար և ոչ ալ ավագերեց քահանային եկեղեցվո մեջ պառկելու պարտականությունը։

Դվինի 555 թվականի Բ ժողովի կանոնադրութենեն կերևի, որ եկեղեցվո մեջ սպասներ չպահվելու սովորությունը հին է, որ հետո քահանաներ, անտեսելով այդ վաղեմի սովորությունը նույն ժողովի մեջ խնդրո առարկա են դարձրել և կրկին կպատվիրեն, թե «պաշտօն պատարագիք և սպասք սրբոյ եկեղեցւոյն ի գլխաւոր քահանային տան եղիցի, որպէս յառաջագոյն կարգեալ է»։ Նույնպես ավագերեց քահանային եկեղեցվո մեջ մնալու պարտականության մասին շեշտված է այս ժողովին մեջ։ Անշուշտ այս օրենսդրությունը նոր չէր, երևի նույնպես յառաջագոյն կարգեալ էր, այս անգամ նորեն կվերահաստատեն։

Թե որչափ հին կարող է լինել քահանաներու եկեղեցվո մեջ պառկելու օրենքը, չեմ կարող վճռականապես ըսել, սակայն հաստատ կարող եմ ըսել, որ քրիստոնեության առաջին շրջանին, այսինքն 4-րդ դարու մեջ դժվար թե գոյություն ունենար, որովհետև այդ մասին բոլոր եկեղեցական կանոններուն մեջ ոչինչ ակնարկ չկա։ Միայն ուրիշ մի հանգամանք կա ապաgուցանող, որ գոնե 5-րդ դարու սկզբին մտավ այդ սովորությունը, որովհետև 5-րդ դարու վերջին շինված եկեղեցիներու մեջ արդեն կատարյալ շինարարական կարգով ի հիմանե ձևակերպված են եկեղեցիներուն կից մեկ կամ մեկե ավելի սենյակներ, որոնց հատկության մասին կխոսենք իր տեղին․ սակայն այս հարամասունքներու շենքի հատակագծին մեջ ձևակերպված ու կանգնված եկեղեցիներեն շատ կան ուրիշ եկեղեցիներ, որոնք թեև սկզբնական շինության Ժամանակ չեն ունեցել, սենյակներ, սակայն հետո, երբ օրենքը պարտադիր եղեր է սենյակ ունենալու՝ այն ժամանակ հապճեպ և անճաշակ կերպով ավելցուցեր են եկեղեցիին կից սենյակներ, որոնց ամենահին օրինակներն են Քասաղի եկեղեցին, որուն հյուսիս-արևելյան կողմը և Դիրաքլարի եկեղեցին, որուն հարավ-արևելյան կողմեն ավելցուցեր են եկեղեցիին կից սենյակ։

Այս սենյակներու գոյության պատճառ ոչինչով չէ կարելի բացատրել, բացի ավագերեց քահանային եկեղեցվո մեջ պառկելու կանոնեն, իհարկե, ուղղակի սրբարանին մեջ պառկել սրբապղծություն կլիներ, հետևաբար տաճարին կից և անոր հետ դռնով հաղորդակցող ավանդատուն սենյակ մը, առանց սրբարան լինելու (Ներս. Լամբ., 237), համարժեք է տաճարի մեջ պառկած լինելու։

Ուրեմն, քանի որ 5-րդ դարու վերջերին եկեղեցվո կից քահանայից բնակարանի համար սենյակ շինելու սովորությունը ընդունված էր և փաստացի կերպով 5-րդ դարուն կանգնվող եկեղեցիներու մեջ հիմնական կերպով ընդհանուր շենքին հետ միաժամանակ շիթված են այդ սենյակները, ուրեմն Երերույքի և Քասաղի եկեղեցիներում կից հապճեպով և ճակատագրապես երկուքին մեջ ալ ծուռ ու մուռ պատերով ավելցուցած սենյակները մեզ կտանենք եթե ոչ կանուխ քան 5-րդ դարը, գոնե առնվազն 5-րդ դարու սկիզբները։ Ուստի, բնականաբար, բուն շենքերը ավելի կանուխ պետք էր որ գոյություն ունենային, քան 5-րդ դարը։

Գառնիի ավերակ basilique-ը նույնպես ունի հարավային պատին կից, արևելյան պատին ուղղությամբ մի սենյակ, որ հետո մատուռի է փոխվեր. ուրիշ շատ մը բնորոշ նշաններով այս եկեղեցին ալ անկարելի է 5-րդ դարեն այս կողմը բերել:

Այս կանոնը այնքան պարտավորիչ և կարևոր համարված օրենքներեն մեկն էր, որ փոխանակ ուրիշ շատ մ' օրենքներու նման մոռացության տրվելու կամ փոփոխվելու պատճառ եղեր է եկեղեցվո բակին մեջ առանձնապես քահանայի բնակության համար տուն-ժամատուն շինելու 7-րդ դարում, որուն առանձին շինողը, ըստ Հովհաննես կաթ. պատմաբանի՝ Եզր