Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միայն ծերության հասակում, երբ արդեն ֆիզիկական կարողություն չուներ շրջագայություններ կատարելու, նա սկսեց համախմբել, մի ընդհանուր հայտարարի բերել և հրատարակության պատրաստել իր աշխատությունները։ Բայց արդեն ուշ էր, և գործի դեռևս սկզբներին այդ աշխատանքն ընդմիշտ ընդհատվեց նրա մահվան պատճառով։

* * *

Թորամանյանը ծնվել է 1864 թ. մարտի 18-ին, Թյուրքիայի Շապին-Գարահիսար քաղաքում, գյուղական տնտեսությամբ պարապողի ընտանիքում։ 1878 թվին, երբ 14 տարեկան էր, մեռան նրա ծնողները։ Սկզբնական կրթությունն ստացավ իր ծննդավայրում, իսկ 1884-ին, ծանոթների աջակցությամբ, գնաց Կ. Պոլիս՝ ուսումը շարունակելու և ճարտարապետ դառնալու։ Սակայն նյութական միջոցներ չունենալու պատճառով չկարողացավ ընդունվել բարձրագույն դպրոց, ուստի ստիպված եղավ մի հյուսնի մոտ աշակերտություն անել և պատրաստվել բարձրագույն դպրոցի համար: 1888-ին, որպես նկարչության ձիրք ունեցող, հեշտությամբ ընդունվեց Կ. Պոլսի Գեղարվեստից ճեմարանը և հինգ տարի սովորելուց հետո հաջողությամբ ավարտեց իբրև ճարտարապետ։ Սկզբում նա ձգտեց ևրոպական բարձրագույն դպրոցներում կատարելագործվել, բայց ոչ մի տեղ նյութական աջակցություն չգտնելով, մնաց Կ. Պոլսում, որտեղ սկսեց պարապել պրակտիկ աշխատանքով։ Այդ շրջանում կառուցեց մի պալատ։ 1896-ին գնաց Բուլլղարիա, որտեղ իբրև ճարտարապետ աշխատեց մինչև 1900 թվականը և մի քանի շենքեր կառուցեց՝ գլխավորապես հարուստ հայերի (Մանուկյանների, Սարգիս Ֆադյանի, Դանիել Բուլղարացու և այլոց) համար։ Սակայն Թորամանյանի նպատակը ճարտարապետական պրակտիկաբ չէր, այլ գիտական-տեսական աշխատանքը։ Նա, Բուլղարիայում տնտեսած մի փոքրիկ գումարի վրա հույս դնելով, նախ ճամբորդեց մի քանի կլասիկ երկրներ (Հունաստան, Եգիպտոս և այլն), ապա գնաց Փարիզ՝ իր մասնագիտության մեջ կատարելագործվելու համար։ Սակայն այնտեղ ևս նա չկարողացավ բարձրագույն դպրոցներից մեկում շարունակաբար սովորել։ Իսկապես Փարիզում փակված կյանք անցկացրեց. լավ չտիրապետելով կենդանի ֆրանսերեն լեզվին և դժվարությամբ ապրելով Բուլղարիայում տնտեսած չնչին գումարով, այդ ծայր աստիճան համեստ, ամոթխած և չքավոր երիտասարդը մինչև վերջն էլ շփման մեջ չմտավ ֆրանսիական հասարակության հետ և միայն պատահմամբ ծանոթություն հաստատեց այնտեղ ապրող մի քանի հայերի հետ, ի թիվս որոնց ծանոթացավ նաև այն ժամանակ «Բանասեր» հանդեսի խմբագիր Կարապետ Բասմաճյանին։

Իբրև ազատ ունկնդիր՝ Փարիզում Թորամանյանը լսեց նշանավոր գիտնականների դասախոսություններ, պարապեց արվեստի պատմությամբ, գլխավորապես ճարտարապետության վերաբերող ֆրանսերեն գրքերի ընթերցանությամբ, և թանգարաններում զբաղվեց արևելյան զանազան երկրներից բերված արվեստի հիշատակարանների ուսումնասիրությամբ։

Փարիզում երկար չմնաց։ Նյութական միջոցները շուտով սպառվեցին և նա վերադարձավ Բուլղարիա՝ ճարտարապետական պրակտիկ աշխատանքները շարունակելու։

1903 թվականին Բասմաճյանը մի հնագիտական էքսպեդիցիա կազմակերպեց դեպի Հայաստան՝ Անիի ավերակներն ու արձանագրություններն ուսումնասիրելու նպատակով: Նա ինքը դրամական միջոցներ չուներ, բայց այդ համարձակ քայլն անում էր, հույս ունենալով, որ կովկասահայ հարուստներն իրենց քսակի բերանը լայն բաց կանեն իր առաջ՝ լսելով Անի մայրաքաղաքի անունը։ Այդ էքսպեդիցիային նա հրավիրեց մասնակցելու նաև Թորամանյանին՝ ճարտարապետական մնացորդներն ուսումնասիրելու և չափագրելու համար: