Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ուսումնասիրության մեջ միմիայն եկեղեցիներու և անոնց հարակից բաժանումներու վրա ենթադրական դատողություններ ընել անօգուտ կլինի, եթե միաժամանակ չուսումնասիրվին և չհամեմատվին պատմական և ավանդական տեղեկությունները։

Եկեղեցական պատմության և կանոնագրքերու մեջ որոշ բաժանումներու ակնարկներ կան, որոնց ճիշտ տեղերը հայտնի չեն մեզի ծանոթ հիշատակարաններու մեջ։ Ասոր հակառակ, հիշատակարաններու մեջ բաժանումներ կան, որոնց մասին պատմական գրականության մեջ կամ ակնարկներ չկան և կամ եղածները շփոթ ու անհտմապատասխան են իրականության։

Այս բաժանումներեն ավագ խորանին երկու կողմի սենյակները առհասարակ բոլոր քրիստոնյա եկեղեցիներու մեջ ավանդատուն կամ պահարան անունը ունին մինչև ցարդ։ Անշուշտ, այս անունները սխալ չեն այս երկու սենյակներուն նկատմամբ։ Սակայն որովհետև ավանդատուն և պահարան բառերու նշանակությունը տարբեր է, նաև ուրիշ քրիստոնյա ազգերու մեջ անոնց պաշտոնները որոշ են, հետևաբար գիտնալ պետք է, թե հայոց մեջ ալ ճիշտ միևնույն նպատակով ընդունված էին, և թե միշտ միևնույն կոչումով մնացին։

Արևմտյան եկեղեցիներու մեջ ի հնումն խորանին երկու կողմի սենյակներեն աջակողմյանը ընծայարան, մատուցարան (paratorium, oblationarium) անունը ուներ, ուր կընդունեին և առժամաբար կզետեղեին ընծաները, նվիրաբերությունները, նախքան ավանդատուն (sacristie) տարվելը։ Ձախակողմյանը կկոչվեր սարկավագատուն (diaconium), որտեղ կսրբեին ու կմաքրեին սրբազան անոթները պատարագի խորհուրդեն հետո և կտանեին ավանդատուն (sacristie):

Ըստ երևույթին, հայոց մեջ, գոնե 11-12-րդ դարերեն սկսած, արևելակողմյան սենյակներու պաշտոնը տարբեր է արևմտյան քրիստոնյաներու եկեղեցիներու մեջ եղող նույն սենյակներու պաշտոնեն. ըստ Ներսես Լամբրոնացվո, սենյակներեն մեկը հատուկ էր քահանայից զգեստավորման ավանդատուն անունով, ուր կգտնվեին նաև պատարագի զգեստները, որուն մասին բացատրություններ կուտա իր «Մեկնութիւն խորհրդոյ պատարագին» գրքին մեջ հետևյալ կերպով. «Յորժամ կամեսցի քահանայն պատարագ մատուցանել, պարտ է այսպէս խորհրդաբար զգեստաւորել: Հանդերձ սարկաւագօքն մտանէ յաւանդատուն ուր զգեստն է պատարագին» (սրբոյն Ներսէսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ և մեկնութիւն խորհրդոյ պատարագի. Վենետիկ, 1847, երես 193)։ Մյուս սենյակը պահարան էր եկեղեցական հանդերձներու և սպասներու, պարզ սենյակ անունով, ինչպես կկարդանք նույն գրքի մեջ դարձյալ, երբ սարկավագներու պաշտոնը կբացատրե՝ «և զմաղզմայն և զսկիհն և զքշոցսն բերեն ի սենեկէն» (նույն, երես 84)։ Ուրիշ տեղ մը այս սենյակին սարկավագատուն անունն ալ կուտա, որ համապատասխան է արևմտյան եկեղեցիներու diaconium-ին «Եւ սարկաւագունքն գնան ի սարկաւագատունն, բերեն զսուրբ նուէրսն՝ մոմեղինօք և խնկովք» (նույն, եր. 211):

Դվնա բ. ժողովի (555 թ.) կանոններեն կերևա, որ ավելի հին ժամանակ եկեղեցական սրբազան անոթներու համար եկեղեցվո մեջ հաստատուն պահարան կամ ավանդատուն չէ եղեր, այլ ժամանակավորապես կբերվին եղեր անոնք եկեղեցի՝ պատարագի արարողության համար, իսկ հետո կտարվեին եկեղեցվո գլխավոր քահանային տունը կպահվեին (Դվնա բ. ժողովի (555 թ.) 14-րդ կանոնը)։ «Պաշտաւն և պատարագիք և սպասք սրբոյ եկեղեցւոյն ի գլխաւոր քահանային տան եղիցի, որպէս յառաջագոյն կարգեալ է»։ Ուրեմն այս կանոնեն կհետևի, որ հին դարերու մեջ սեղանին երկու քովի սենյակները ավանդատան կամ պահարանի պաշտոն չունեին, անոնք ավելի ուրիշ նպատակով շինված էին։

Այս մասին մասամբ բացատրություն կգտնենք դարձյալ թե Դվնա բ. ժողովի նույն 14-րդ կանոնի շարունակության մեջ և թե ս. Սահակի 15-րդ կանոնի մեջ։ Այս կանոններեն կտեսնվի, որ այդ սենյակները, որ 5-րդ և 6-րդ դարերուն մեջ սեղանին երկու կողմը և կամ մեկ կողմը քառակուսի սենյակներ են երկհարկանի երբեմն, պարզապես պաշտոնակատար քահանայից ամառնային բնակարան եղած են։ 5-6-րդ դարերու եկեղեցիներն են այժմ Ապարանի եկեղեցին, որուն հյուսիս-արևելյան ծայրին կա մեկ սենյակ, Դիրաքլար գյուղի եկեղեցին, որուն հարավ-արևելյան ծայրին կա մեկ սենյակ, Երերույքի և Տեկորի եկեղեցիները ունին արևելյան կողմեն երկու սենյակ՝ կրկնահարկ։ Ահա Դվնա բ. ժողովի կանոնին շարունակությունը. «Եւ ինքն գլխաւոր քահանայն զեկեղեցին մի իշխեսցէ թողուլ և գործոց տան պարապել, այլ մշտնջենաւոր ի սուրբ եկեղեցւոջն կացցէ, զի պաշտօն և աղօթք տուընջեան։ և գիշերոյ ժամուցն և զտեսչութիւն ժողովրդոյն մի խափանեսցէ, իսկ այլ ընկերքն զամառն փոխանակաւ կացցեն ընդ նմա անպղերգաբար»։

Ս. Սահակի 15-րդ կանոնը. «Զամառն գլխաւոր քահանայն հանապազորդեալ եկեղեցւոջն կացցէ, և այլ ընկերքն շաբաթուք առ նմա փոխանորդաւ կացցեն»։

Ուսումնասիրողներից մեկի կարծիքով՝ քահանայից այդ ժամանակվան ամառնային բնակարանը եկեղեցվո բակին մեջ էր, ոչ թե նույն սենյակներուն մեջ («Հայոց եկեղեցական իրավունքը», Շուշի, 1903, երես 370), բայց, ըստ իս, հավանական չէ մինչև 7-րդ դար, որուն մասին կարծիքս հետո, այժմեն կըսեմ միայն, որ նույնիսկ օրենքի տարօրինակութենեն ալ կերևի, թե քահանայից ամառնային բնակարան էր և ոչ ձմեռնային, վասնզի իրավունք չունեին ձմեռը եկեղեցվո հարկի տակ կրակ կամ վառարան վառելու զանազան տեսակ ապականություեներու տեղիք չտալու համար։ Եթե ոչ՝ ի՞նչ հարկ կար միմիայն ամառները պարտավորիչ ընել գլխավոր քահանային կամ կարգապահ քահանաներու փոխընդփոխ մնալ եկեղեցվո սենյակին մեջ և ոչ ամբողջ տարին, որ միշտ պաշտոն և պատարագներ կային։

Շատ հավանական է, որ խորանին երկու քովի սենյակները մշտնջենապես սրբազան անոթներու պահարան կամ ավանդատուն եղան 7-րդ դարեն սկսյալ, երբ առաջին անգամ Եզր կաթողիկոսի օրով իբրև քահանայից բնակարան շինվեցավ եկեղեցվո բակին մեջը առանձին շենք ս. Գայանեի վանքին մեջ, ուրկեց ընդհանրացավ ուրիշ եկեղեցիներու մեջ ալ. «Իսկ ապա