Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնել նախ` եկեղեցվո և նախագավթի զարդաքանդակներու անհունապես տարբերությունը, հետո ալ գավթի զարդաքանդակներուն ավելի մշակված և հետնագույն ճաշակի պատկանելը։ Անիի մեջ թեև շատ կան Լուսավորչի գավթին զարդաքանդակներուն ոճը հիշեցնող քանդակներ զանազան հատուկտոր բեկորներու վրա և մասնավորապես նոր բացված վաճառատան դռանց մասերուն վրա, սակայն, քանի որ անոնց մասին ժամանակագրական ճիշտ տեղեկություն չունինք, բնականաբար Լուսավորչի քանդակներուն հետ չենք կարող համեմատության դնել ժամանակագրական կարգ որոշելու համար։ Բայց Անիեն դուրս կան հիշատակարաններ, որոնց թե շինության թվականները հայտնի են և թե անոնց վրա կտեսնենք քանդակներու նմուշներ, որ շատ բնորոշ մասերով նման են Լուսավորչի նախագավթի զարդաքանդակներուն։ Հոռոմոսի վանքին նշխարատան միջին սենյակի և անոր կից մեծ դամբարանի արևելակողմյան սեղանի վրա, որոնք շատ ուշ շինված են, քան Լուսավորիչ եկեղեցին, քանդակազարդեր կան, որոնք ըստ ամենայնի կհիշեցնեն Լուսավորչի գավթի զարդաքանդակներուն ոճը։ Նմանապես Խութլու-խաթունի տապանատան վերնահարկ փոքր մատուռներեն մեկուն վրա կան նույն ոճով զարդաքանդակ խաչքարեր։

Անիի Լուսավորիչ եկեղեցվո նախագավթին շատ ուշ ժամանակ շինված լինելուն իբրև ապացույց, վերև դրված բացատրություններեն զատ, նաև կծառայի ներսի ու դրսի նկարված պատկերներուն ոճի և աշխատության տեսակներուն տարբերությունը։ Ներսը և դուրսը նկարված պատկերներու տարբերությունը թեև ես վաղուց նկատած էի, սակայն չուզելով իբրև ոչ մասնագետ այդ ճյուղին հիմնվիլ միայն իմ կարծիքիս վրա, 1910 թվին խնդրեցի նկարիչ Եղիշե Թադևոսյանին քննել և իմ տարակույսներս փարատել։ Խորին շնորհակալությամբ պիտի արձանագրելմ այստեղ, որ հարգելի Թադևոսյանը սիրով հանձն առավ առաջարկս և լուրջ քննութենե հետո եկավ այն եզրակացության, թե ոչ միայն ներսի և դրսի նկարներ տարբեր նկարիչներու գործեր են, այլև դրսի նկարներու մեջ գունավորման անհամեմատ տարբեր բաղադրություններե զատ՝ նկարները ևս շատ նոր են, քան ներսինները. մասնավորապես շեշտեց, թե հակառակ երկար տարիներ դրսի նկարները արեգակի և անձրևներու խոնավության ավերիչ ազդեցության ենթարկվելուն, դարձյալ գույներն ավելի թարմ պահված են, քան ներսի նկարներու գույները։

Մի քանի պարագաներ ևս ինծի ենթադրել կուտանք որ նախագավիթը եկեղեցին շինող Հոնենց Տիգրանի գործը չէ և կամ անոր օրով ալ շինված չէ։ Ուստի այս մասին ավելորդ չեմ համարիր իմ կարծիքներս հայտնել։

Ինչպես տեսանք հոդվածիս ընթացքին մեջ, հայոց եկեղեցական կանոններով խստիվ արգելված էր եկեղեցիներու մեջ մեռել թաղելը։ Հակառակ այս արգելքին, Լուսավորիչ եկեղեցվո մեջ մեռելներ թաղված են նույնիսկ բեմի առջև, որոնց մեկուն տապանաքարին վրա վրացերեն արձանագրություն կա։ Նաև, ինչ որ ավելի բնորոշ է, հավելյալ նախագավիթը զուտ հայկական ոճի ժամատուններեն բոլորովին տարբեր ձևով շինված է։ Հայկական նախագավիթները կամ ժամատունները առանց բացառության շինված են փակ շրջորմով և կանոնավոր ծածկույթով հաճախ գմբեթավորված։ Մինչդեռ Անիի Լուսավորչի նախագավիթը կանգնված է բացօթյա, առանց շրջափակի, միմիայն կամարակիր սյուներու վրա (portique): Այս ձևը, որ բնավ հայկական չէ, միացած եկեղեցվո մեջ մեռել թաղելու հանգամանքին հետ, կապացուցանե, որ անպատճառ Տիգրան Հոնենցեն հետո եկեղեցին անցեր է ուրիշ այլադավան ժողովուրդի ձեռք, որն ամեն փոփոխություն մտցուցեր է իր դավանության և ծեսերու թույլատրած ձևերով։

Դեռ 4-րդ դարեն սկսած հունական եկեղեցվո համար ներելի էր մեռել թաղել տաճարին մեջ, և մինչև վերջն ալ անոնց մեջ արգելք չէ եղած։ Հետևաբար, արդյոք կարելի՞ է պահ մը ենթադրել, որ Տիգրան Հոնենց ալ հունադավան էր, և իր եկեղեցվույն մեջ թաղված մեռելներն ալ անոր տոհմին կպատկանին[1]։ Իմ կարծիքով՝ Հոնենց Տիգրանի վրա մեր ունեցած տեղեկություններով դժվար է հաստատել անոր հունադավանությունը. փաստերը ավելի ի նպաստ հայկական եկեղեցվո կխոսին։

  1. Հ. Օրբելի լիովին համոզված է Տիգրան Հոնենցի քաղկեդոնիկ լինելուն, հայտնի չէ, թե ինչ հաստատուն ապացույցի վրա հիմնված։ Ցանկալի էր, որ պարզաբանված լիներ այս հետաքրքրական հարցը իր գրքույկին մեջ (տես՝ Անիի ավերակները, թարգմ. Հուսիկ արքեպիսկ., Վաղարշապատ, 1911, երես 52):