Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ալ երկար պահած չէ. սակայն այսօրվան Վենետիկի ս. Մարկոսը նույն խաչաձևի ճիշտ ընդօրինակությունը կհամարվի։ Եթե իրոք ս. Մարկոսի եկեղեցիին ձևը ուներ Կոստանդիանոսի շինած և հետո Հուստինիանոսի նորոգած Կ. Պոլսո Առաքելոց եկեղեցին, այն ատեն պետք է գիտնալ, որ Վահան Մամիկոնյանի շինած խաչաձևը ճաշակով և գաղափարով անհունապես կզանազանի Կ. Պոլսո Առաքելոց եկեղեցիեն։ Վահան Մամիկոնյանի ձևը մինչև 5-րդ դար ոչ մեկ երկրի մեջ գոյությունը հաստատված չըլլալեն զատ՝ անոր 7-րդ դարուն մեջ փոփոխությամբ ստացած ձևն ալ շատ հազվադեպ է արևմտյան և հարավային քրիստոնյա երկիրներու մեջ։ Գալով Լուսավորչի ժամանակ հիմնված տաճարին, այնտեղ ոչ բազիլիկ կարող էր շինվիլ, ոչ abside-ներ և ոչ ալ խորան ու գմբեթ։ Ահա թե ինչու։

Պատմական իրողություններու հետևելով՝ կտեսնենք, որ արդեն քրիստոնեությունը ընդարձակ ծավալ ստացած էր Հայաստանի մեջ, և հալածանքի թեթևության պատճառավ ավելի ամուր հիմ բռնելով կազմված էին եկեղեցիներ և եկեղեցական վարչություններ։

Բայց ինչ որ ալ ըլլար քրիստոնյա հայոց եկեղեցիներուն ձևը Տրդատի քրիստոնեություն ընդունելեն առաջ, հայտնի բան է, թե 300-303 թվականներուն, զինու զորությամբ ճնշվեցան հեթանոս հայերը և անոնց ձեռքեն մեհյանները առնելով եկեղեցիներու վերածվեցան՝[1] դեռ Էջմիածինը հիմնարկվելեն շատ առաջ։ Ուրեմն Էջմիածնի հիմնարկութենեն գոնե մեկ երկու տարի առաջ մեհենական ձևը սրբագործվեցավ հայոց քրիստոնեական եկեղեցիներու համար։ Հետևաբար, մեհյանները սրբագործող Լուսավորիչը պատճառ չուներ իր հիմնարկած տաճարին համար տարբեր ձև ստեղծելու։ Եվ ի՞նչ ձև կարող էր ստեղծել. չենք կարող ըսել բազիլիկ, որովհետև այդ տեսակ շենք Հայաստանի մեջ գոյություն չուներ, և հայերը գաղափար իսկ չէին կարող ունենալ անոր ձևին վրա։

Առնվազն 15-20 տարի անցեր էր Հայաստանի մեջ քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելեն հետո, երբ Կոստանդիանոս ևս հետևեցավ Տրդատի օրինակին, և հետզհետե քրիստոնեից տրամադրության տակ դրավ հեթանոսական մեհյանները և բազիլիկ ըսված շինությունները՝ եկեղեցիներու փոխարկելու համար։ Մինչև այդ ժամանակ ոչ մեկ կասկած չէ կարող ըլլալ, որ հայերը արդեն ունեին օրինավորապես կազմակերպված եկեղեցիի համար ալ որոշ ձև։

Նաև եթե ի նկատի ունենաք, որ Արևմուտքի մեջ ալ շատ դյուրությամբ չընդհանրացավ բազիլիկ ձևը, այն ատեն բնականորեն պիտի հետևցնենք, որ անոր ներգործությունը մինչև Հայաստան հասնելու համար շատ տարիներ հարկավոր էին։

Արևելյան կողմին վրա սեղանը դրվելու ուղղության հետևողներուն համար էր, որ բազիլիկի կիսաբոլորակը շատ հարմար էր. բայց այս ուղղության վերջնական հաղթանակը Փոքր Ասիո սահմաններուն մեջ տարած չըլլալուն մեծ ապացույց է Գր. Նազիանզացիի իր հայրենի երկրին մեջ 4-րդ դարու կեսեն հետո շինել տված եկեղեցին, որուն մեջ պատարագի սեղանը շենքին կեդրոնին վրա էր։

Արևմտյան եկեղեցիներու մեջ մինչև բ. տիեզերական ժողով՝ ծիսակատարությանց վերաբերյալ խնդիրներ գրեթե չէին հարուցված, մինչև այն ատեն զբաղած էին դավանաբանական վեճերով։ Այս վեճերուն փոքր ի շատե խաղաղելեն հետո պետք է փնտռել յուրաքանչյուր եկեղեցու ներքին բարեկարգությանց և ծիսակատարություններու մասին մշակված օրենքները. սեղանի կամ պատարագելու ձևի խնդիրը, որ ավելի ծիսակատարության կվերաբերի, քան դավանության, հետևաբար այս հաշվով մինչև անոր փոքր ի շատե որոշ և միօրինակ ձև ստանալը արդեն 5-րդ դարուն կմոտեցնե մեզ։

Ուրեմն ապահովապես կարող ենք ըսել, որ մինչև սեղանի տեղի և կամ արևելյան կիսաբոլորակ խորանի վեճեր ծագիլը, և երկար տարիներ ծեծվելով որևէ որոշ լուծում ստանալը, արդեն Հայաստան ուներ այդ ծիսակատարությանց համար ալ անկախ մշակված ու հաստատված օրենքներ։ Եթե արևելյան կիսաբոլորակ աբսիդին Հայաստան հասնելը 5-րդ դարու ալ համարինք, հազիվ թե մեկ անգամեն հայերը թողեին իրենց լուսավորչավանդ եկեղեցական ձևը և հանձն առնեին օտար նորություն մը մտցնել իրենց եկեղեցիին մեջ։ Անշուշտ երկար ժամանակ հարկավոր էր ընդհանրանալու համար։

Իհարկե Վահան Մամիկոնյանի չորս աբսիդներով խաչաձև եկեղեցին չէր կարող մեկ անգամեն երևան եկած ըլլալ նախքան իր պարզ նախատիպերն ունենալը, հավանաբար անկեց առաջ մտած էր արևելյան աբսիդը հայոց մեջ (բայց ոչ 5-րդ դարեն առաջ), որուն հետևեցավ չորս աբսիդով խաչաձևը բացի գեղեցկութենե և վայելչութենե, նաև քրիստոնեական խորհրդանշանի մը նմանցվելու բացարձակ պատճառավ։

Այժմ հետաքրքրական է գիտնալ, թե ի՞նչ ձև ունեին հայոց մեհյանները, որոնք Լուսավորչի ժամանակ փոխարկվեցան եկեղեցիներու և լուսավորչաշեն Էջմիածինն ալ նույն ձևով կանգնված ըլլալը հավանական կհամարինք։ Այս մասին հաստատ տեղեկություններ չկան, սակայն պատմական հատուկտոր տեղեկություններ և քանի մը հին հիշատակարաններու ուսումնասիրություններ մեզ կհասցնեն բավական որոշ եզրակացության։

Նախքան քրիստոնեություն հազիվ թե հայեր կրակապաշտ եղած ըլլային. բոլոր տեղեկություններ կհաստատեն, որ հունական դիցապաշտության մեկ տեսակն էր զարգացած Հայաստանի մեջ. մանավանդ հեթանոս

  1. Փաւստոս Բիւզանդացւոյ Պատմ. Հայոց, Ս. Պետերբուրգ, 1883 գլ. Դ, երես 7։ «Քանզի այնպէս իսկ սովոր էին եպիսկոպոսապետքն հայոց, հանդերձ թագաւորօքն և մեծամեծօքն, նախարարօքն և աշխարհախումբ բազմութեամբք պատուել զնոյն տեղիս, որ յառաջ էին տեղիք պատկերաց կռոցն, և ապա յանուն աստուածութեան սրբեցան և եղեն տուն աղօթից և տեղի ուխտից ամենայն ումեք»։
    Ագաթանգեղոս, Տփխիս, 1909, երես 403։ «Առնոյր այնուհետև խորհուրդ հաւանութեան ընդ թագաւորին և ընդ իշխանսն, նախարարօքն և զօրօքն հանդերձ՝ վասն խաղաղութեան հասարակաց, քակել, կործանել, բառնալ զգայթակղութիւնսն ի մխջոյ, ի բաց կորուսանել...»