Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասոնց շուրջը թեև կպակսի սյունազարդ ծածկույթը, սակայն մեծ հավանականություն կա անոնց գոյության՝ իբրև անմիջական ազդեցություն հունական մեհյաններու։ Այս ձևի ուղիղ ազդեցության տակ կազմված են Երերույքի նախկին շինության վրա եկեղեցիի փոխարկման համար կատարված հավելումները:

Արտաքուստ սյունազարդ շուրջանակի ծածկույթներ, որոնք ամենայն հավանականությամբ սկզբնական եկեղեցիներու մեջ հեթանոսաց գավիթներ էին, լուսավորչաշեն եկեղեցիի մեջ գոյությունը կամ բացակայությունը կարելի չէ հաստատել, բայց Վահան Մամիկոնյանի շինածին շուրջը գոյություն ունենալուն համոզիչ ապացույցներ երևցան վերջերս, ասոնք քանդվեր են 7-րդ դարուն աբսիդները դուրս հանված ժամանակ։

Օտարամուտ աբսիդը հայոց մեջ թեև մշտնջենապես ընդունվեր է, սակայն անոր հետ միաժամանակ եկող արևելյան կողմեն դուրս ցցված թևերու և արտաքին սյունազարդ ծածկույթներու ոճը շուտով վերջ գտեր են։ 7-րդ դարուն առանց բացառության այլևս չեն երևիր այդ ոճերը։ Նույնիսկ հեթանոսաց գավթի նշանակությունն ալ կորսված է հայոց մեջ 7-րդ դարեն մինչև 12-րդ դար. այս երկար շրջանին մեջ ոչ մեկ եկեղեցի չենք գտներ հայոց մեջ, որ հատկապես շինված հեթանոսաց գավիթ ունենա։ Ինչպես կերևի հետնագույն պատմական վկայութենե մը, Արևմուտքեն [արևմուտքցիներեն — բյուզանդացիներեն] ավելի ազատամիտ հայերը չեն ուզեր հնազանդիլ «Մի՛ ոք յերախայից»-ի ժամանակ եկեղեցիեն դուրս ելլելու համար սահմանված օրենքին, այդ պատճառավ ալ գավիթներ շինելու պետք չէ զգացվեր։ Երբ 11 և 12-րդ դարերուն այդ օտարամուտ սովորությունը վերստին երևցեր է հայոց մեջ, այս անգամ ալ միևնույն ընդվզող դիրքն են բռնած հայերը, և որպեսզի «Մի՛ ոք յերախայից»-ի ժամանակ դուրս ելլելու չպարտավորին, ամենևին եկեղեցիի մեջը չեն մտեր, առհասարակ հավաքվեր են գավթի մեջ, ուր իբրև ոչ եկեղեցիին անմիջական մաս, ունեցած են անպատշաճ վարմունքներ ալ, որով գայթակղությանց տեղիք տված են: Այս երևույթին վրա դառնացած, Ներսես Լամբրոնացին ստիպվեր է երկար ճառ մը գրել[1] եկեղեցիի գավթի և խորհուրդի նշանակությունը բացատրելով և հանդեպ այդ նվիրական օրենքներու ժողովրդին պարտականությունները ընդգծելով։

Խաչաձև հատակագծի Հայաստանի մեջ երևան գալով հանդերձ՝ նախավանդ քառանկյուն ձևերն ալ միաժամանակ պահված և անընդհատ շարունակված են մինչև վերջը, առանց արտաքին համաչափություններու մեջ փոփոխության ենթարկվելու, այսինքն՝ իրենց լայնության և երկայնության համար ավանդաբար ընդունված ներդաշնակության մեջ։ Եթե փոփոխություն մը կա, այն ալ փոխանակ վեց սյուներով ներքին կամարակապ ձևին չորս սյուներով գմբեթավոր եղած են 5-րդ դարուն վերջերը, որոնք կհիշեցնեն այս շրջանին մեջ Լուսավորչի տեսիլքով նկարագրված ձևը ըստ ամենայնի որոշ մանրամասնությամբ։

Բոլորովին բոլորակ եկեղեցի հայոց մեջ առաջին անգամ կերևա Զվարթնոց եկեղեցին 7-րդ դարուն։ Անկեց առաջ բոլորակներու կամ բազմանկյուններու գոյության մասին հաստատ ոչ մեկ տեղեկություն չկա։

Եթե հիմնվինք պատմական վկայության մը վրա, պետք է որ հավատանք թե՝ եթե բոլորակ կամ բազմանկյուն եկեղեցիներ չկային, սակայն պետք էր որ գտնվեին մկրտարաններ, ըստ արևմտյան սովորության, ուր ընդունված միակ ձևն էր մկրտարաններու համար բազմանկյունը կամ բոլորակը։ Այս ալ ամենայն հավանականությամբ դարձյալ 5-րդ դարեն սկսած, որ միակ թվականն է թե կրոնական և թե արվեստական ոճերու ներգործություններուն հայոց վրա[2]։

Բազմանկյուն և բոլորակ ձևերն ալ օտար են Հայաստանի մեջ. թեև սկզբնական ծագումին համար գիտնականներ համաձայն չեն, որ հունական կամ հռոմեական ըլլա, կարծողներ ալ կան, որ նախքան Հունաստանը Ասիո մեջ ծագում առած ըլլա. բայց առայժմ, գոնե մեզի ծանոթ բոլորակ կամ բազմանկյուն հիշատակարաններու ամենահիները Հունաստանի և Հռոմի մեջ կգտնվին. իբրև քրիստոնեական եկեղեցի ալ կարելի է նախատիպ համարել Հռոմի ս. Ստեփաննոսը, Պանթեոնը և ուրիշ կարգ մը նմաններ։

Ներսես Գ Շինող Արևմուտքեն բերավ Զվարթնոցի բոլորակը. այս կաթողիկոսը ինչ[պես] իր գաղափարներով, այնպես ալ իր ճաշակով առանձին տեղ բռներ էր հայ կաթողիկոսներու շարքին մեջ։ Դեպի քաղկեդոնականություն ունեցած ձգտումով, լուսավորչականություն և քաղկեդոնականություն իրարու մեջ ձուլելու ջանքերուն հետ միաժամանակ ուզեր է նաև այդ երկու դավանության եկեղեցիներն ալ միմյանց մեջ ձուլել. հիրավի, եթե առաջինին մեջ բոլորովին չէ հաջողեր, երկրորդին մեջ արդյունքը հրաշալի է. անոր ճարտարապետը հայկական նվիրագործված խաչաձևը հունական բոլորակին հետ ներդաշնակորեն պատշաճեցնելու համար արտակարգ հանդգնության հետ եզական հանճար ի գործ դրեր է ի մեծ զարմացումն այսօրվան մեր գիտական աշխարհին։

Զվարթնոցի մեջ պատարագի սեղանին գրաված տեղն ալ հայ եկեղեցական ոճին բոլորովին անսովոր է, մանավանդ հետաքրքրական է այն տեսակետով, որ կեդրոնական սրբարանով եկեղեցիներու հետևողություն ցույց կուտա. թեև սեղանը ճիշտ կեդրոնին վրա չէ, սակայն արևելյան պատեն ալ շատ հեռու կմնա՝ իր ետևը թողելով ժողովրդյան բաժին։ Ավելորդ է ըսել, թե հայ եկեղեցական ճարտարապետության մեջ ընդհանուր ուղղութենեն այսքան մեծ շեղում և օտար ներգործություն Զվարթնոցի վրա՝ Ներսես Գ կաթողիկոսի քաղկեդոնիկությամբ միայն կարելի է բացատրել։

Առանձին հետաքրքրության արժանի է Զվարթնոցի կեդրոնին վրա եղած մկրտության գետնափոր ավազանը։ Ինծի կթվի, որ այս ոճը Արևմուտքին

  1. Սրբոյն Ներսէսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ և մեկնութիւն խորհրդոյ պատարագին. Վենետիկ, 1847, երես 21-40:
  2. Տեսնել հաջորդ ծանոթագրություն: